ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 29. Քրեական գործի ընթացքի արձանագրման պարտադիր լինելը

 

1. Դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքները արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:

2. Արձանագրությունը գրվում է ձեռքով կամ պատրաստվում տեխնիկական միջոցների օգնությամբ: Դատավարական գործողություններ իրականացնելիս կարող են կատարվել սղագրում, լուսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրում և տեսագրում:

Լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները, կինոժապավենները, դիապոզիտիվները, հարցաքննության ձայնագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները, գծագրերը, պլանները, ծեփապատճենները, հետքերի դրոշմները, որոնք կազմվել կամ պատրաստվել են դատավարական գործողության ընթացքում, կցվում են քրեական գործին:

3. Արձանագրությունում նշվում են՝

1) դատավարական գործողության իրականացման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սկսելու և ավարտելու ժամանակը՝ րոպեի ճշտությամբ.

2) արձանագրությունը կազմողի պաշտոնը և ազգանունը.

3) դատավարական գործողությանը մասնակցող յուրաքանչյուր անձի ազգանունը, անունը, հայրանունը, անհրաժեշտության դեպքում՝ հասցեն և անձնական այլ տվյալներ:

4. Դատավարական գործողությունները արձանագրություններում նկարագրվում են այն հաջորդականությամբ, որով իրականում տեղի են ունեցել: Արձանագրությունում նշվում են դրանց կատարման ընթացքում ձեռք բերված և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, շարադրվում են դատավարական գործողության մասնակիցների հայտարարությունները:

5. Արձանագրությունում նշվում են տեղեկություններ դատավարական գործողության ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների, դրանց օգտագործման կարգի և պայմանների, այն օբյեկտների, որոնց նկատմամբ տեխնիկական միջոցները կիրառվել են, և ստացված արդյունքների, ինչպես նաև մասնակիցներին տեխնիկական միջոցների կիրառման մասին նախազգուշացնելու վերաբերյալ:

6. Արձանագրությունը ներկայացվում է դատավարական գործողությանը մասնակցած անձանց՝ ծանոթացման համար: Ընդ որում, նշված անձանց բացատրվում է արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու իրենց իրավունքը: Արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ բոլոր հայտարարություններն ստորագրում են դատավարական գործողությանը մասնակցած անձինք:

7. Արձանագրությունը ստորագրում են քննիչը և դատավարական գործողությանը մասնակցող անձինք:

Կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի կամ դատավարական գործողությանը մասնակցած այլ անձի՝ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում քննիչն արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է քննիչի, պաշտպանի, ներկայացուցչի, օրինական ներկայացուցչի, իրավահաջորդի կամ ընթերակայի ստորագրություններով, եթե նրանք մասնակցում են դատավարական գործողությանը:

Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրելու հրաժարման պատճառները կամ պատճառները բացատրելուց հրաժարվելը, ինչը նույնպես արձանագրվում է:

Եթե կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկան ֆիզիկական թերությունների կամ առողջական վիճակի կամ անգրագիտության հետևանքով զրկված են արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթության է ներկայացվում պաշտպանի, օրինական ներկայացուցչի, ներկայացուցչի կամ ընթերակայի ներկայությամբ, որոնք իրենց ստորագրությամբ հաստատում են արձանագրության բովանդակության համապատասխանությունն իրականությանը և կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի կողմից այն ստորագրելու անհնարինությունը:

8. Արձանագրությունը պետք է պարունակի նաև գրառումներ դատավարական գործողության մասնակիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու, պարտականությունները չկատարելու հետևանքները պարզաբանելու, դատավարական գործողության իրականացման ընդհանուր կարգը բացատրելու մասին, ինչը հավաստվում է դատավարական գործողության մասնակիցների ստորագրությամբ:

(29-րդ հոդվածը խմբ. 23.05.06 ՀՕ-104-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.