ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 309. ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

1. Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:

2. Դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը, և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: Մեղադրանքը խստացման առումով փոխելը թույլատրվում է միայն սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում:

(309-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)

 

Հոդված 3091. Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները

 

1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդես գալ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ:

Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը ձեռք բերված նյութերի հետ ներկայացնում է դատարան:

3. Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է:

4. Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին դատարանը նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամանակ է տրամադրում նրանց միջնորդության դեպքում, իսկ ամբաստանյալին և նրա պաշտպանին` անկախ միջնորդությունից:

5. Եթե դատաքննության ընթացքում պարզվում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ, իսկ մեղադրողը խստացնելու առումով արարքը վերաորակելու որոշում չի կայացնում կամ վերաորակելու համար դատական նիստը հետաձգելու միջնորդություն չի ներկայացնում, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մինչև 10 օր ժամկետով հետաձգում է դատական նիստը` առաջարկելով գլխավոր դատախազին կամ տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը:

Մեղադրական եզրակացությունը վերահաստատելուց հետո դատարանը, մեղադրական եզրակացությանը համապատասխան, կայացնում է դատական ակտ:

6. Եթե արարքը վերաորակելու արդյունքում փոխվում է քրեական գործի ընդդատությունը, ապա այդ հարցը լուծվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով։

(3091 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)

(3091 հոդվածի 5-րդ մասի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր 02.04.2010 ՍԴՈ-872 որոշմամբ)

 

Հոդված 3092. Դատական քննության ընթացքում այլ անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելը

 

Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնք հիմք են տալիս նույն քրեական գործով մեղադրանք առաջադրել մեկ այլ անձի (անձանց), որին տվյալ գործով մեղադրանք առաջադրված չի եղել, ապա մեղադրողն իրավունք ունի հարուցելու նոր քրեական գործ: Եթե նոր հարուցված քրեական գործի արդյունքները կարող են հանգեցնել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի փոփոխման կամ լրացման, ապա մեղադրողի միջնորդության հիման վրա դատարանը հետաձգում է գործի դատական քննությունը: Հետաձգված քրեական գործի քննությունը կատարվում է սույն օրենսգրքի 3091  հոդվածով սահմանված կանոններով: Նոր հարուցված քրեական գործի վարույթն իրականացվում է ընդհանուր հիմունքներով:

 (3092 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.