ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 314. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԿԱՐԳԸ

 

1. Դատավորների` դատական նիստի դահլիճ մտնելու պահին դատական նիստի քարտուղարը հայտարարում է. «Դատարանը գալիս է»: Դատական նիստի դահլիճում բոլոր ներկա գտնվողները ոտքի են կանգնում:

2. Դատական քննության բոլոր մասնակիցները դատարանին դիմում են «Հարգելի դատարան» արտահայտությամբ, որից հետո ոտքի կանգնած անում են անհրաժեշտ հայտարարություններ, հարուցում են միջնորդություններ, բացարկներ: Դատարանին դիմելու կանոններից շեղում թույլատրվում է նախագահողի թույլտվությամբ:

3. Նախագահողի կարգադրությունները պարտադիր են դատական քննությանը մասնակցող կամ դատական նիստին ներկա գտնվող յուրաքանչյուր անձի համար:

4. Տասնվեց տարեկանից փոքր անձանց դատական նիստի դահլիճ մտնել չի թույլատրվում, եթե նրանք կողմ կամ վկա չեն:

5. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-93-Ն)

6. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-93-Ն)

(314-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 21.02.07 ՀՕ-93-Ն)

 

Հոդված 3141. Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները

 

1. Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

1) նախազգուշացում.

2) նիստերի դահլիճից հեռացնելը.

3) դատական տուգանք.

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:

2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:

Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:

Քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:

Քրեական դատավարությանը մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:

3. Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ:

4. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջոցով:

5. Դատական տուգանքը կիրառվում է քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչև 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաև արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Ամբաստանյալի կողմից դատական նիստի կարգը խախտելու և նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու դեպքում դատարանը կիրառում է նախազգուշացում: Միաժամանակ, նախագահող դատավորն ամբաստանյալին բացատրում է, որ դատական նիստի կարգը կրկին խախտելու և նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու դեպքում նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից: Նույն դատական նիստում ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելը կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելը հիմք է սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառելու համար, որի դեպքում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:

Եթե դատարանը գտնում է, որ ամբաստանյալը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան ամբաստանյալի նկատմամբ կիրառում է առանց նախազգուշացման, և գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:

(պարբերությունն ուժը կորցրել է 08.02.11 ՀՕ-44-Ն)

7. Գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները: Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ:

Սույն հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված դատական սանկցիան պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

8. Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է: Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռօրյա ժամկետում:

9. Եթե դատարանը գտնում է, որ քրեական դատավարությանը մասնակցող կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը կարող է սույն հոդվածով սահմանված կարգով կարգազանց անձի նկատմամբ կիրառել դատական սանկցիա և պարտավոր է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին:

(3141 -րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 05.02.09 ՀՕ-45-Ն, խմբ., լրաց., փոփ. 08.02.11 ՀՕ-44-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.