ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 354. ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ԿԱՐԳԸ

 

1. Դատաքննությունն ավարտելուց հետո նախագահողը հայտարարում է, որ դատարանն անցնում է դատական վիճաբանություններն ունկնդրելուն և ամբաստանյալի վերջին խոսքը լսելուն:

2. Եթե դատական վիճաբանություններին մասնակցող անձանցից որևէ մեկը միջնորդում է` իրեն ժամանակ տրամադրել դատական վիճաբանություններին նախապատրաստվելու համար, նախագահողը հայտարարում է ընդմիջում` նշելով դրա տևողությունը:

3. Դատական վիճաբանությունները բաղկացած են մեղադրողի, տուժողի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի, պաշտպանի, ամբաստանյալի` նշված հաջորդականությամբ արտասանած ճառերից:

4. Եթե մեղադրանքը պաշտպանում է մի քանի մեղադրող, գործին մասնակցում են մի քանի տուժող, պաշտպան, քաղաքացիական պատասխանող և նրանց ներկայացուցիչներ, քաղաքացիական հայցվոր և նրանց ներկայացուցիչներ, ամբաստանյալ, նախագահողը, նրանց ժամանակ է տալիս` ելույթ ունենալու հաջորդականությունն իրենց միջև որոշելու համար: Անհրաժեշտության դեպքում դրա համար կարող է հայտարարվել ընդմիջում: Եթե նշված անձինք վիճաբանություններում ելույթ ունենալու հաջորդականության հարցում համաձայնության չեն գալիս, դատարանը, լսելով նրանց կարծիքը, ընդունում է համապատասխան որոշում:

5. Իրենց ճառերում կողմերն իրավունք չունեն հիմնվել այնպիսի ապացույցների վրա, որոնք չեն հետազոտվել դատաքննության ժամանակ: Իր հետևությունները հիմնավորելու համար նոր ապացույցներ օգտագործելու անհրաժեշտության դեպքում կողմը միջնորդություն է հարուցում դատաքննությունը վերսկսելու մասին` նշելով, թե որ հանգամանքներն են պահանջում լրացուցիչ հետազոտություն և ինչպիսի նոր ապացույցների հիման վրա: Դատարանը, լսելով մյուս կողմի կարծիքը, պատճառաբանված որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին:

6. Դատարանը չի կարող դատական վիճաբանությունների տևողությունը սահմանափակել որոշակի ժամանակով, սակայն նախագահողն իրավունք ունի ընդհատել վիճաբանություններին մասնակցող անձանց, եթե նրանք շոշափում են քննարկվող գործի հետ առնչություն չունեցող հանգամանքներ:

7. Դատական վիճաբանությունների բոլոր մասնակիցներն իրենց արտասանած ճառերից հետո իրավունք ունեն այդ ճառերում ասվածի առթիվ ևս մեկական անգամ ելույթ ունենալ ռեպլիկի կարգով: Վերջին ռեպլիկի իրավունքը միշտ պատկանում է պաշտպանին և ամբաստանյալին:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.