ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 360. ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԼՈՒԾՄԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑԵՐԸ

 

1. Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`

1) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը.

2) այդ արարքը համապատասխանում է արդյոք քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին.

3) ապացուցված է արդյոք ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը.

4) ապացուցված է արդյոք ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և, եթե այո, ապա քրեական օրենսգրքի որ հոդվածով, մասով, կետով է նախատեսված այն.

5) ապացուցված է արդյոք ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայությունը.

6) ենթակա է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար.

7) ինչ պատիժ պետք է նշանակվի ամբաստանյալի նկատմամբ.

8) ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը.

9) (կետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-61-Ն)

10) քաղաքացիական հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին և ինչ չափով, ինչպես նաև պատճառված գույքային վնասը ենթակա է արդյոք հատուցման, եթե քաղաքացիական հայց չի հարուցվել.

11) վերացվելու է արդյոք հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցումը կամ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար գույքի վրա դրված կալանքը.

12) ինչ անել իրեղեն ապացույցները.

13) վերացվելու, փոխվելու կամ ընտրվելու է արդյոք խափանման միջոց և ինչպիսի միջոց.

14) ում վրա և ինչ չափով պետք է դրվեն դատական ծախսերը.

15) հանցանքը կատարելու մեջ մեղավոր ճանաչված ամբաստանյալի նկատմամբ անհրաժեշտ է արդյոք կիրառել հարկադրական բուժում գինեմոլությունից և թմրամոլությունից, նրա նկատմամբ նշանակել արդյոք խնամակալություն.

16) ապացուցված է արդյոք, որ բռնագանձման ենթակա գույքը ստացվել է հանցագործության կատարման արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից կամ օգտագործվել է կամ նախատեսվել է օգտագործվել որպես հանցագործության գործիք կամ միջոց կամ ուղղվել է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված մաքսանենգության առարկա:

2. Ամբաստանյալին մի քանի հանցանքներ կատարելու մեջ մեղադրելիս դատարանը սույն հոդվածի առաջին մասի 1-8-րդ կետերում նշված հարցերը լուծում է յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին:

3. Մի քանի ամբաստանյալների դեպքում սույն հոդվածի առաջին մասում նշված բոլոր հարցերը լուծվում են յուրաքանչյուր ամբաստանյալի նկատմամբ առանձին:

(360-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-115-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-84-Ն)

 

Հոդված 3601 . Դատարանի լրացուցիչ որոշումը

 

1. Դատարանը դատավճռի կամ որոշման հետ միաժամանակ համապատասխան հիմքերի առկայության դեպքում պարտավոր է կայացնել լրացուցիչ որոշում, որով պետական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունն է հրավիրում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում:

2. Դատարանի լրացուցիչ որոշումը պետք է լինի պատճառաբանված: Լրացուցիչ որոշումը դատարանի հայեցողությամբ կարող է հրապարակվել դատական նիստում:

3. Լրացուցիչ որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, իսկ այդպիսինը չլինելու դեպքում` խախտում թույլ տված պաշտոնատար անձին: Լրացուցիչ որոշումն ստացած պաշտոնատար անձը պարտավոր է որոշումը ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, քննարկել այն և ձեռնարկել համապատասխան միջոցներ առկա խախտումները վերացնելու կամ նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ։

(3601 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)

 

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.