ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 438. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում` դատապարտյալի մասնակցությամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտադիր է նաև պաշտպանի և դատախազի մասնակցությունը:

2. Եթե հարցը վերաբերում է դատական որոշման քաղաքացիական հայցի մասը կատարելուն, կանչվում է նաև քաղաքացիական հայցվորը: Նշված անձանց չներկայանալը գործի քննությանը չի խոչընդոտում:

3. Հիվանդության, հաշմանդամության պատճառով դատապարտյալին ազատելու կամ նրան հիվանդանոցում տեղավորելու հարցը դատարանի կողմից լուծելիս պարտադիր է եզրակացություն տված բժշկական հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը:

3.1. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանի կողմից միանձնյա կարգով քննվում է անկախ հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից տասն օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին (տուժողի իրավահաջորդին), անկախ հանձնաժողովին և պատիժը կատարող հիմնարկին:

3.2. Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունից պահանջել խորհրդատվական զեկույց, եթե այն արդեն չի տրամադրվել անկախ հանձնաժողովին:

3.3. Դատարանում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությանը պարտադիր մասնակցում են`

1) դատախազը.

2) դատապարտյալը և նրա փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի.

3) անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը:

3.4. Հարցի քննությանը կարող է մասնակցել նաև տուժողը (տուժողի իրավահաջորդը կամ տուժողի ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի իրավահաջորդի, տուժողի ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար: Դատարանի սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ դատարանի որոշմամբ դատական նիստին կարող է հրավիրվել պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը:

3.5. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությունն անցկացվում է դռնբաց դատական նիստում: Քննությունն սկսվում է անկախ հանձնաժողովի ներկայացուցչի կողմից եզրակացությունը հրապարակելով: Այնուհետև դատարանը լսում է դատախազի դիրքորոշումը, ապա դատապարտյալին կամ նրա փաստաբանին, եթե դատապարտյալը փաստաբան ունի:

3.6. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում`

1) դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին, կամ

2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին:

3.7. Դատարանի որոշումն այն կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին, անկախ հանձնաժողով և պատիժը կատարող հիմնարկ:

4. Կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը դատարանում քննելիս հրավիրվում է պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը, որը դատարանին է ներկայացնում կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից դատապարտյալի մասին տրված գրավոր բնութագիրը:

5. Գործի քննարկումն սկսվում է նախագահողի կողմից միջնորդագիրը հրապարակելով, որից հետո դատարանը հետազոտում է ապացույցները և լսում է դատական նիստին ներկայացած անձանց և դատախազի կարծիքները: Վերջինը ելույթ է ունենում դատապարտյալը կամ նրա պաշտպանը: Այնուհետև` դատարանը հեռանում է խորհրդակցության` որոշում կայացնելու համար:

(438-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն, 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-121-Ն, 13.06.06 ՀՕ-67-Ն, լրաց., փոփ. 01.03.17 ՀՕ-64-Ն)

 

 

Բ Ա Ժ Ի Ն  13

ԱՌԱՆՁԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  50

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.