ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 475. Իրավական օգնության հարցերով հաղորդակցություն իրականացնող մարմինները

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցով հաղորդակցությունն իրականացվում է՝

1) մինչդատական վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցումները կատարելու առնչությամբ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով.

2) դատարանի վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ, այդ թվում՝ դատավճիռներ կատարելու վերաբերյալ հարցումները կատարելու առնչությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված լինելու դեպքում հաղորդակցությունը կարող է իրականացվել նաև դիվանագիտական ուղիներով՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, որոնք, համապատասխան հարցումներն ստանալով, անհապաղ ներկայացնում են սույն մասով նախատեսված իրավասու մարմին՝ կատարման ներկայացնելու համար։

2. Եթե դատավարական գործողություններ կատարելու հարցումը տալիս են Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, ապա նրանք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, կազմած հարցումները ներկայացնում են սույն հոդվածի առաջին մասով սահմանված իրավասու համապատասխան մարմին՝ դրա կատարման նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմին փոխանցելու համար։

Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի հարցումը կատարելուց և դա հոդվածի առաջին մասով նախատեսված իրավասու մարմին ներկայացնելուց հետո վերջիններս կատարումն անհապաղ տրամադրում են հարցումը կազմած Հայաստանի Հանրապետության դատարանին, դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին։

3. Եթե դատավարական գործողություններ կատարելու հարցումը տրվել է օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից, և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` այն ներկայացվել է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավասու մարմին, ապա վերջինս հարցումը կատարման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության այն դատարան, դատախազին, քննիչին, հետաքննության մարմին, որոնք, սույն օրենսգրքին համապատասխան, իրավասու են կատարելու տվյալ հարցումը։

Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հանձնարարությունը կատարելուց հետո այն ներկայացնում են սույն հոդվածի առաջին մասով իրավասու համապատասխան մարմին, որը կատարումն անհապաղ փոխանցում է օտարերկրյա պետության իրավասու մարմին։

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցում տալը, հարցման առաքումը և դրա կատարման արդյունքների փոխանցումը կարող են իրականացվել օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնի և Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի միջև անմիջական հաղորդակցության միջոցով։

Ընդ որում, եթե անմիջական հաղորդակցության միջոցով օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված հարցման կատարումը չի մտնում հարցումն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի իրավասության մեջ, ապա անհապաղ հարցումը վերահասցեագրվում է Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան, դատախազին, քննիչին, հետաքննության մարմին՝ այդ մասին ծանուցելով հարցումը տված օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնին։  

Վերահասցեագրման կարգով հարցումը ստացած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հարցումը կատարում և օտարերկրյա պետության իրավասու մարմին են փոխանցում սույն մասով նախատեսված կարգով, միաժամանակ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնին ծանուցելով հարցման և դրա կատարման մասին։

Սույն մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը սույն հոդվածի առաջին մասում նշված համապատասխան իրավասու մարմնին ծանուցում են անմիջական հաղորդակցության միջոցով փոխադարձորեն իրականացված յուրաքանչյուր հարցման, դրա ստացման և կատարման մասին՝ համառոտակի նշելով հարցումը տված մարմնի անվանումը (պաշտոնատար անձի անունը և պաշտոնը), հարցման բովանդակությունը, կատարող մարմինը կամ պաշտոնատար անձը, կատարման բովանդակությունը, հարցման տրման և կատարման ժամկետները։

5. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված հարցման կատարումը անհնար է կամ չի բխում տվյալ միջազգային պայմանագրից, ապա օտարերկրյա պետության համապատասխան մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով ծանուցում է հարցման կատարման անհնարինության և դրա պատճառների մասին։

(475-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.