ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 478. Հանցագործություն կատարած անձանց հանձնելը օտարերկրյա պետությանը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարած օտարերկրյա պետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա պետության տարածքում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացիություն չունեցող անձինք, նրանց նկատմամբ համապատասխան օտարերկրյա պետությունում քրեական վարույթ սկսելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենսգրքին համապատասխան սկսված վարույթը տվյալ օտարերկրյա պետությունում շարունակելու նպատակով կարող են տվյալ օտարերկրյա պետությանը հանձնվել այդ պետության և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում։

Տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմիններ են փոխանցվում նաև հանձնվող անձի կատարած հանցանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի վարույթում առկա բոլոր փաստաթղթերը և այլ նյութեր՝ համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված կարգով։

Փաստաթղթերի և այլ նյութերի փոխանցման կարգը միջազգային պայմանագրով նախատեսված կամ սահմանված չլինելու դեպքում դրանց փոխանցումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության կենտրոնական մարմինների կամ անմիջական հաղորդակցություն իրականացնող դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի և օտարերկրյա պետության իրավասու մարմնի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան։

Փոխանցված փաստաթղթերի մեկական օրինակները (պատճենները) պետք է պահվեն փաստաթղթերը պատրաստած կամ տրամադրած` Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի մոտ։

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց` այդ մասով նախատեսված նպատակներով օտարերկրյա պետությանը հանձնելը կարող է իրականացվել այդ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցավոր արարքը կատարելու կամ այդ առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահից մինչև տվյալ անձի նկատմամբ դատավճիռ կայացնելու պահն ընկած ժամանակահատվածում կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետում։

(478-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 478.1.

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց ձերբակալման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալելու դեպքում ձերբակալումն իրականացրած մարմինն անհապաղ տեղեկացնում է հետախուզման նախաձեռնողին՝ պահանջելով տվյալ պետության իրավասու մարմնի կողմից կայացված՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը:

2. Անձի ձերբակալման մասին հաղորդումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ անհապաղ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ձերբակալման արձանագրությունն ստանալուց հետո ձերբակալման մասին անհապաղ տեղեկացնում է միջազգային հետախուզում հայտարարած պետության իրավասու մարմիններին և (կամ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

4. Եթե անձի ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում չի կայացվել նրան ժամանակավոր կալանավորելու մասին Հայաստանի Հանրապետության դատարանի որոշումը, ապա ձերբակալված անձը ենթակա է անհապաղ ազատման:

(478.1 -րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-42-Ն)

 

 Հոդված 478.2.

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց ժամանակավոր կալանավորման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է ժամանակավոր կալանավորում մինչև 40 օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով՝ հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով: Եթե հանձնելու վերաբերյալ միջնորդությունը չի ստացվել ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում, կամ Հայաստանի Հանրապետության դատարանը մերժել է հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությունը, կամ պարզվել են հանձնումը բացառող հանգամանքները, ապա անձը ենթակա է ազատման: Հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ժամանակին չներկայացնելու հիմքով անձին ժամանակավոր կալանավորումից ազատելը չի խոչընդոտում հետագայում նրա նկատմամբ հանձնելու համար կալանավորման կիրառմանը:

2. Մինչև անձին հանձնելու վերաբերյալ միջնորդություն ստանալը օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը կարող է հանձնվել փոստով, այդ թվում՝ էլեկտրոնային կամ հեռագրով կամ տեխնիկական այլ միջոցներով, ինչպես նաև Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլի) կամ անձի հետախուզում իրականացնող այլ միջազգային կազմակերպության միջոցով, որի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը:

3. Դատախազն անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնում է ձերբակալման վայրի դատարան: Միջնորդությանը կցվում են ձերբակալման արձանագրության պատճենը, օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ որոշումը կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերից մեկը և ձերբակալվածի անձը հաստատող փաստաթղթերը:

4. Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով դատախազին, ձերբակալված անձին և նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին կամ միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

5. Միջնորդության քննարկման արդյունքների մասին դատախազը, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, անհապաղ տեղյակ է պահում օտարերկրյա պետության իրավասու մարմնին:

(478.2 -րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-42-Ն)

 

 Հոդված 478.3. Հանձնելու համար կալանավորելու կարգը

 

1. Անձին հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալիս դատախազը, իսկ այլ պետության դատարանի վարույթում գտնվող քրեական գործերով կամ դատավճռի ի կատար ածելու գործերով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը անձին հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդություն են ներկայացնում անձին արգելանքի վերցնելու վայրի դատարան:

2. Հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությանը կցվում են՝ անձին հանձնելու մասին միջնորդության պատճենը և անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքը:

3. Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով միջնորդություն ներկայացնողին, արգելանքի վերցված անձին և նրա պաշտպանին, ստուգելով անձին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը և ուսումնասիրելով ներկայացված այլ փաստաթղթերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և հանձնման համար կալանավորում կիրառելու կամ կալանավորման ժամկետը երկարաձգելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. Միջնորդությունը քննարկելիս դատարանը իրավասու չէ հետազոտելու անձի մեղավորության հարցերը կամ ստուգելու օտարերկրյա պետության մարմինների ընդունած դատավարական փաստաթղթերի օրինականությունը:

5. Հանձնելու համար կալանավորումը կիրառվում է երկու ամիս ժամկետով: Կալանավորման ժամկետը լրանալուց 10 օր առաջ դատախազը կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դատարան է ներկայացնում անձի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդություն: Հանձնելու համար կալանավորման ժամկետը չի կարող գերազանցել 8 ամիսը:

6. Հանձնելու համար կալանավորման առավելագույն ժամկետում անձին հանձնելու հարցը չլուծելու կամ նրան փաստացի չհանձնելու դեպքում անձը ենթակա է անհապաղ ազատման: Սույն հիմքով անձին ազատելը չի խոչընդոտում նրա նկատմամբ փաստացի հանձնելու նպատակով կալանավորում կիրառելուն:

7. Անձին կալանավորումից ազատելու դեպքում նրա նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքի 144–148 հոդվածներով նախատեսված խափանման այլ միջոցներ՝ մինչև 8 ամիս ժամկետով:

8. Սույն հոդվածի և սույն օրենսգրքի 478.2 հոդվածի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա՝ քրեական գործով վարույթը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նպատակով: Փոխանցված քրեական գործը վարույթ ընդունելու պահից անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը լուծվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

(478.3 -րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-42-Ն)

 

 Հոդված 478.4. Արգելանքի վերցրած անձանց իրավունքները

 

1. Սույն օրենսգրքի 478.1, 478.2, 478.3, 491, 492 հոդվածներով նախատեսված դեպքերում արգելանքի վերցված անձինք իրավունք ունեն հայտնելու բացարկներ, անվճար ստանալու ձերբակալման արձանագրությունը, ինչպես նաև ժամանակավոր կալանավորում կիրառելու կամ հանձնելու համար կալանավորում կիրառելու որոշման կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշման պատճենը, ունենալու պաշտպան, հրաժարվելու պաշտպանից և պաշտպանվելու ինքնուրույն, առանձին, խորհրդապահական կարգով անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ՝ առանց տեսակցության թվի և տևողության սահմանափակման, հետ վերցնելու իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը, բողոքարկելու հետաքննության մարմնի, դատախազի, դատարանի որոշումները և գործողությունները:

2. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու իրենց իրավունքները: Քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց տրվում են սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանձնման ենթակա փաստաթղթերի պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են:

3. Հետաքննության մարմինը գրավոր բացատրում է արգելանքի վերցված անձանց իրավունքները և ապահովում դրանց իրականացումը` սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. Ժամանակավոր կալանավորված կամ հանձնելու համար կալանավորված անձանց` ազգականների կամ այլ անձանց հետ տեսակցելու հարցը լուծում է հանձնման միջնորդությունը քննարկող մարմինը:

(478.4 -րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-42-Ն)

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.