ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 479. Հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմինները և այդ որոշման բողոքարկման կարգը

1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված է հանցագործություն կատարած անձի հանձնումը այդ պայմանագրի մասնակից համարվող օտարերկրյա պետությանը, և եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձի նկատմամբ`

1) հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, եթե գործը գտնվում է մինչդատական վարույթում.

2) հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, եթե գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում, ինչպես նաև այն դեպքում, երբ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ.

3) հանձնման թույլտվության վերաբերյալ որոշումը ընդունում է համապատասխանաբար գործը քննող կամ դատավճիռը կայացրած դատարանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ այն դեպքում, երբ գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում, կամ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

2. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունած իրավասու մարմինն ընդունված որոշման մասին տեղեկացնում է այն անձին, որի նկատմամբ կայացվել է որոշումը և բացատրում այն բողոքարկելու նրա իրավունքը:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի` հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի` հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան որոշումները ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, իսկ վերաքննիչ դատարանի որոշումները` վճռաբեկ դատարան դրանք ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում: Վերաքննիչ դատարանը և վճռաբեկ դատարանը գործը քննում և դրա վերաբերյալ որոշում են կայացնում համապատասխանաբար բողոքը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում:

4. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում դատարանը գործը քննում և որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությունը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում:

Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դատարանի որոշումները կարող են բողոքարկվել և քննարկվել վերաքննության և վճռաբեկության կարգով սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված ժամկետներում:

5. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման բողոքարկման դեպքում այն կայացրած իրավասու մարմինը 3 օրվա ընթացքում դատարան է ուղարկում նշված որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող փաստաթղթերը:

6. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությունն իրականացվում է այն անձի մասնակցությամբ, որի վերաբերյալ կայացվել է հանձնելու կամ հանձնումը մերժելու մասին որոշում, և (կամ) նրա պաշտպանի և դատախազի մասնակցությամբ:

Դատաքննության ընթացքում դատարանը չի քննարկում բողոքը բերած անձի մեղավորության հարցը` սահմանափակելով միայն հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման` Հայաստանի Հանրապետության օրենքներին և միջազգային պայմանագրերին համապատասխանության հարցի ստուգմամբ:

7. Ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) բողոքը չբավարարել և հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումը թողնել անփոփոխ.

2) բավարարել բողոքը և վերացնել հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումը:

8. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից համարվող պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը որևէ երաշխիք տալով, ապա այդ պետության երաշխիքի` Հայաստանի Հանրապետության համար բավարար կամ ընդունելի լինելու հանգամանքը որոշում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` մինչդատական վարույթի գործերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` դատական վարույթում գտնվող և դատավճիռն ի կատար ածելու գործերով:

9. Եթե մերժվում է անձի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնելը օտարերկրյա պետությանը կամ միջազգային դատարան, սակայն սույն օրենսգրքով նախատեսված բավարար հիմքեր կան նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու այն արարքի առնչությամբ, որի համար նրա հանձնման մասին խնդրանք է ուղարկվել օտարերկրյա պետությունից կամ միջազգային դատարանից, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ անձի նկատմամբ սկսում է քրեական հետապնդում, իսկ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում և դրանով սահմանված կարգով համապատասխան քրեական հետապնդման վերաբերյալ գործը փոխառնում է օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի վարույթից և ընդունում է իր վարույթ այդ անձի նկատմամբ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հարուցված գործը` սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելով համապատասխան քրեական հետապնդում:

(479-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն, 07.07.06 ՀՕ-152-Ն)

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.