ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 492. Նախքան հանձնելու մասին խնդրանքն ստանալը կալանավորելը կամ ձերբակալելը

1. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի միջնորդությամբ անձը կարող է Հայաստանի Հանրապետությունում կալանավորվել նաև մինչև հանձնելու մասին խնդրանքն ստանալը։ Միջնորդության մեջ պետք է պարունակվեն հղումներ կալանքի վերցնելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռին՝ նշելով, որ տվյալ անձին հանձնելու մասին խնդրանքը կներկայացվի լրացուցիչ։ Մինչև հանձնելու մասին խնդրանք ներկայացնելը անձին կալանավորելու մասին միջնորդությունը կարող է հանձնվել փոստով, այդ թվում՝ էլեկտրոնային կամ հեռագրով կամ տեխնիկական այլ միջոցներով, ինչպես նաև Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլ) կամ անձի հետախուզում իրականացնող այլ միջազգային կազմակերպության միջոցով, որի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը։

2. Անձը կարող է սույն օրենսգրքով սահմանված կարգով ձերբակալվել առանց օտարերկրյա պետության իրավասու մարմնի միջնորդության կամ հանձնելու մասին խնդրանքի, եթե սույն օրենսգրքով նախատեսված հիմքեր կան կասկածելու, որ նա հանցագործություն է կատարել այն օտարերկրյա պետության տարածքում, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է փոխադարձության կարգով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու պայմանավորվածությամբ։ Այդ պետության իրավասու մարմնի կողմից հանձնելու մասին խնդրանք ներկայացվելու դեպքում ձերբակալված անձը ենթակա է հանձնման։

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դեպքերում անձին կալանավորելիս կիրառվում են սույն օրենսգրքի 491-րդ հոդվածի երկրորդ մասի կանոնները, իսկ երկրորդ մասով նախատեսված դեպքում անձին ձերբակալելիս կիրառվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնները։

4. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դեպքերում կալանավորված կամ ձերբակալված անձի նկատմամբ համապատասխան խափանման միջոցի կիրառման մասին անմիջապես տեղյակ է պահվում օտարերկրյա պետության իրավասու մարմինը։

5. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով կալանավորված անձը պետք է ազատ արձակվի, եթե նրան հանձնելու խնդրանքը չի ստացվել կալանքի վերցնելու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում։

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով ձերբակալված անձը պետք է ազատ արձակվի, եթե սույն օրենսգրքով ձերբակալման համար սահմանված ժամկետը լրանալու պահի դրությամբ համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնից նրա հանձնման մասին խնդրանքը կամ մինչև խնդրանքն ուղարկելը կալանավորման միջնորդությունը չներկայացվի։

Հանձնման մասին խնդրանքը կամ մինչև խնդրանքն ուղարկելը կալանավորման միջնորդությունը ստացվելու դեպքում կալանավորման առնչությամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 491-րդ հոդվածի կամ սույն հոդվածի առաջին մասի կանոնները։

(492-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.