ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 499. Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները

1. Եթե սույն գլխի նորմերով սահմանված կարգով անձը Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի իրավասությանն է հանձնվել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ շարունակելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար, ապա առանց հանձնումը թույլատրած համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության` այդ անձը չի կարող քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվել մինչև նրան հանձնելը կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել։

2. Առանց հանձնումը թույլատրած օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության` հանձնված անձը չի կարող հանձնվել նաև երրորդ պետության։

3. Հանձնումը թույլատրած օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնությունը չի պահանջվում, եթե հանձնված անձը, լինելով օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, իր նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխան դատավարական գործողությունների կատարումն ավարտելուց, իսկ նրան դատապարտելու դեպքում՝ պատիժը կրելուց կամ օրենքով նախատեսված այլ հիմքերով պատժից վաղաժամկետ ազատվելուց հետո` 30 օրվա ընթացքում, չի լքում Հայաստանի Հանրապետության տարածքը, կամ եթե լքելուց հետո նա ինքնակամ վերադառնում է այնտեղ։ Նշված ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը իրենից անկախ հանգամանքներով չէր կարող լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։

(499-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Հոդված 4991. Քրեական գործով վարույթ իրականացնելու խնդրանքը

1. Փոխադարձության կարգով Հայաստանի Հանրապետության հետ կապված օտարերկրյա պետության իրավասու մարմնի` Հայաստանի Հանրապետությունում քրեական գործով վարույթ իրականացնելու մասին խնդրանքը պետք է բովանդակի՝

1) խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության իրավասու մարմնի անվանումը.

2) արարքի նկարագրությունը, որի առնչությամբ ուղարկվում է քրեական հետապնդում իրականացնելու մասին խնդրանքը.

3) արարքը կատարելու ժամանակի և տեղի մասին հնարավորինս ստույգ նշումներ.

4) խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության այն օրենքի բնագիր տեքստի պատճենը, որը տվյալ արարքը դիտում է որպես հանցագործություն, ինչպես նաև այն օրենսդրական նորմերի տեքստերի պատճենները, որոնք էական նշանակություն ունեն գործով վարույթի համար.

5) կասկածվող անձի անունը, հայրանունը և ազգանունը, քաղաքացիությունը, ինչպես նաև նրա մասին հայտնի այլ տվյալներ.

6) տվյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափի և խնդրանքն ուղարկելու պահին դրա հատուցման վիճակի մասին։

2. Խնդրանքին պետք է կցվեն խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության իրավասու մարմնի մոտ առկա ապացույցներն ու այլ նյութեր։

Գործում առկա բոլոր փաստաթղթերը պետք է ստորագրված լինեն համապատասխան պաշտոնատար անձի կողմից՝ նրա պաշտոնի նշումով, և հաստատված լինեն խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմնի զինանշանի պատկերով կնիքով։

(4991 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Հոդված 4992. Քրեական գործով վարույթի արդյունքների մասին տեղեկացնելը

Քրեական հետապնդում իրականացնելու մասին խնդրանք ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմնին տեղեկացնում են տվյալ քրեական գործով ընդունված վերջնական որոշման մասին՝ ուղարկելով դրա հաստատված պատճենը։

(4992 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Հոդված 4993. Առարկաներ հանձնելը

1. Փոխադարձության կարգով իրավական օգնություն ցույց տալու խնդրանքն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը խնդրանքն ուղարկած օտարերկրյա իրավասու մարմնի միջնորդությամբ, առանց վնասելու իր կողմից վարվող քրեական գործի քննությանը, նրան են հանձնում այն առարկաները, որոնք՝

1) օգտագործվել են հանցանքը կատարելիս, այդ թվում՝ հանցագործության գործիքները, առարկաները, որոնք ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, կամ հանցագործն ստացել է որպես փոխհատուցում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների փոխարեն.

2) կարող են ունենալ ապացուցողական նշանակություն օտարերկրյա պետությունում վարվող քրեական գործով։ Այդ առարկաները հանձնվում են նաև այն դեպքում, երբ հանցագործին հանձնելն անհնար է նրա մահվան, փախուստի կամ այլ պատճառներով։

2. Սույն հոդվածում նշված գործիքները, առարկաները օտարերկրյա պետության իրավասու մարմնին կարող են հանձնվել պայմանով, որ օտարերկրյա պետությունում վարվող քրեական գործով վարույթն ավարտելուց հետո անհապաղ վերադարձվեն դրանք հանձնած Հայաստանի Հանրապետության դատարան, դատախազին, քննիչին, հետաքննության մարմին։

3. Օտարերկրյա պետության իրավասու մարմին հանձնված գործիքների, առարկաների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները մնում են ուժի մեջ։

(4993 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Հոդված 4994. Փոխադարձության հիման վրա իրավական օգնության հարցերով օտարերկրյա իրավասու մարմիններ դիմելու և դրա առնչությամբ ստացված նյութերի օգտագործման կարգը

1. Փոխադարձության հիման վրա իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ խնդրանքը կազմելիս և օտարերկրյա պետության իրավասու մարմին ուղարկելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պահպանում են խնդրանքի ձևի և դրա ներկայացման վերաբերյալ տվյալ օտարերկրյա պետության օրենքով նախատեսված պահանջները, իսկ օտարերկրյա պետության օրենքի բացակայության դեպքում խնդրանքը կազմվում և օտարերկրյա պետության իրավասու մարմին է ուղարկվում սույն օրենսգրքի 483-րդ և 489-րդ հոդվածներով սահմանված ձևին և կարգին համապատասխան։

2. Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի խնդրանքը տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից կատարվելու ընթացքում լրացուցիչ փաստաթղթերի, նյութերի, այդ թվում՝ ապացույցների, առարկաների տրամադրումը Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի կողմից իրականացվում է օտարերկրյա պետության համապատասխան մարմնի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և սույն գլխի դրույթներին համապատասխան։

3. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից խնդրանքի կատարման կապակցությամբ ստացված փաստաթղթերը, առարկաները, նյութերը, այդ թվում՝ ապացույցները, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը օգտագործում են սույն օրենսգրքին համապատասխան։

Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմինը խնդրել է իր տրամադրած փաստաթղթերը, նյութերը կամ առարկաները վերադարձնել, ապա դա իրականացվում է նրա հետ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:

4. Եթե փոխադարձության հիման վրա իրավական օգնության արդյունքում տեղի է ունեցել հանցագործություն կատարած անձի հանձնում Հայաստանի Հանրապետությանը, ապա այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում կամ տվյալ օտարերկրյա պետությունում հարուցված հետապնդումը շարունակում են սույն օրենսգրքով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը՝ այդ անձի նկատմամբ իրականացնելով սույն օրենսգրքից բխող համապատասխան դատավարական գործողություններ։

Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից անձի հանձնումը պայմանավորված է նրա վերադարձումով այդ պետության տարածք, ապա դա իրականացվում է փոխադարձ պայմանավորվածությանը համապատասխան։

Ընդ որում, եթե հանձնումը պայմանավորված է անձին կալանքի տակ պահելու հանգամանքով, ապա նա Հայաստանի Հանրապետությունում սույն օրենսգրքով սահմանված կարգով կալանքի տակ կարող է պահվել այն ժամկետով, որի ընթացքում այդ անձը ենթակա է վերադարձման տվյալ օտարերկրյա պետության տարածք։ Այդ ժամկետը չի կարող գերազանցել նախնական կալանքի տակ պահելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները։

5. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքով նրա կողմից վարվող քրեական գործով անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելիս, անձանց հանձնելիս, հանցագործության գործիքներ կամ իրեր փոխանցելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը օտարերկրյա պետության իրավասու մարմնի ուշադրությունը պետք է հրավիրեն համապատասխան գործողություններն իրենց կողմից կատարվելու վերաբերյալ սույն գլխի համապատասխան կանոնների վրա։

(4994 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Հոդված 4995. Անձանց ներկայանալը Հայաստանի Հանրապետություն

1. Փոխադարձության կարգով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու շուրջ պայմանավորվածություններին համապատասխան` խնդրանքի հիման վրա Հայաստանի Հանրապետություն կարող են կանչվել Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի վարույթում գտնվող քրեական գործով որպես վկա, տուժող, քաղաքացիական պատասխանող, քաղաքացիական հայցվոր, նրանց ներկայացուցիչներ, փորձագետներ, մասնագետներ հանդես եկող այն անձինք (այսուհետ՝ այլ անձինք), ովքեր, լինելով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, հայտնի է, որ գտնվում են այն օտարերկրյա պետության տարածքում, որի իրավասու մարմիններ համապատասխան խնդրանք է ուղարկվում։

2. Եթե այլ անձինք իրենց համաձայնությամբ և կամքով ներկայանում են Հայաստանի Հանրապետություն, ապա համապատասխան քրեական գործով հետապնդում իրականացնող դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը նրանց մասնակցությամբ համապատասխան դատավարական գործողությունները կատարում են սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ հետևյալ վերապահումներով. եթե ներկայացած այլ անձը օտարերկրյա պետության քաղաքացի է կամ նրա տարածքում, այդ պետության օրենքներին համապատասխան, բնակության վայր ունեցող քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրա նկատմամբ արգելվում է կիրառել բերման ենթարկելու, դրամական տույժի, ինչպես նաև ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ կամ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության ենթարկելու դատավարական գործողություններ։

3. Այլ անձինք Հայաստանի Հանրապետություն կարող են կանչվել և ներկայանալ իրենց ազատ կամքի արտահայտմամբ նաև իրենց գտնվելու պետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխադարձության շուրջ պայմանավորվածությունների բացակայության դեպքում։

Հայաստանի Հանրապետություն ներկայացած` սույն մասով նախատեսված այլ անձանց նկատմամբ նույնպես տարածվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնները։

(4995 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

(գլուխը խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Գ Լ ՈՒ Խ  542

ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
(գլուխը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Հոդված 4996. Միջազգային մարմինների հետ հաղորդակցվելու հիմքը

1. Սույն օրենսգրքի իմաստով միջազգային մարմիններ են համարվում միջպետական, միջկառավարական կամ միջգերատեսչական միջազգային պայմանագրերով ստեղծված դատարանները կամ այլ այնպիսի մարմիններ, որոնց իրավասությունների մեջ են մտնում քրեական գործերով որոշակի դատավարական գործողությունների կատարումը և հանցավորության դեմ պայքարի գործում պետությունների ջանքերին օժանդակելը, նպաստելը, աջակցելը, ինչպես նաև քրեական պատիժներ նշանակելը և դրանք ի կատար ածման ներկայացնելը։

2. Միջազգային մարմինների հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրականացնում են այդ մարմինների հիմնադրման (ստեղծման) մասին, դրանց լիազորությունները սահմանող միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից է Հայաստանի Հանրապետությունը։

Եթե Հայաստանի Հանրապետությունը մասնակից չէ միջազգային մարմնի հիմնադրման և դրանից բխող միջազգային պայմանագրերին, որոնք կարգավորում են քրեական գործերով հարաբերությունների հարցերը, ապա այդ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հաղորդակցվում են տվյալ միջազգային մարմնի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված քրեական գործերով համագործակցության կամ օգնության մասին միջազգային պայմանագրին համապատասխան։

3. Եթե Հայաստանի Հանրապետությունը մասնակից է տվյալ միջազգային մարմնի ստեղծման կամ նրա լիազորությունները սահմանող մի քանի միջազգային պայմանագրերից ոչ բոլորին, ապա մյուս պայմանագրի (պայմանագրերի) դրույթները, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակից չէ, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կարող են կիրառել համապատասխան դատավարական գործողությունները կատարելիս, եթե դրանք չեն հակասում սույն օրենսգրքի և քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների պահանջներին։

(4996 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Հոդված 4997. Միջազգային մարմինների հետ հաղորդակցության և քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու կարգը

1. Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը միջազգային մարմինների իրավասությունից բխող հարցերով իրավական օգնություն կամ առաջարկություն ցույց տալու հարցումներով նրանց դիմում և իրավական օգնությունը կամ աջակցությունը ստանում են սույն օրենսգրքի 4996-րդ հոդվածով նախատեսված պայմանագրերով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան։

Ընդ որում, տվյալ միջազգային մարմին համապատասխան հարցում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության դատարանները դա իրականացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով, իսկ դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով, եթե համապատասխան միջազգային պայմանագրով քրեական գործերով իրավական օգնության այլ կարգ սահմանված չէ։

2. Միջազգային մարմնի կողմից քրեական գործերով իրավական օգնություն կամ աջակցություն ցույց տալուն Հայաստանի Հանրապետության դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի (նրա ներկայացուցչի) մասնակցության հնարավորության դեպքում վերջիններս պարտավոր են տվյալ մարմնում գտնվելու ընթացքում կատարել սույն օրենսգրքից և այլ օրենքներից բխող իրենց վրա դրվող պարտականությունները՝ համապատասխան միջազգային պայմանագրերից բխող բացառություններով։

3. Միջազգային մարմնի հարցումները Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կատարում են սույն օրենսգրքով նախատեսված կանոններին համապատասխան՝ միջազգային պայմանագրից բխող բացառություններով։

Եթե միջազգային մարմնի հարցումների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կատարվելիք դատավարական գործողություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետություն է ներկայանում միջազգային մարմնի իրավասու պաշտոնատար անձը, ապա նրա հետ Հայաստանի Հանրապետությունում հաղորդակցվելու կարգը և պայմանները որոշվում են այդ մարմնի լիազորություններին առնչվող միջազգային պայմանագրով, իսկ այդ պայմանագրով կարգ և պայմաններ սահմանված չլինելու դեպքում կիրառվում են հետևյալ կանոնները.

1) Հայաստանի Հանրապետության դատարանների հետ կապված դատավարական գործողությունների առնչությամբ միջազգային մարմնի պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնում այն գործը և դրան առնչվող հարցերի շրջանակը, որոնք ենթակա են պարզաբանման կամ լուծման Հայաստանի Հանրապետության դատարաններում։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը որոշում է միջազգային մարմնի պաշտոնատար անձի ներկայացրած հարցերի պարզաբանմանը կամ լուծմանը ներգրավվող Հայաստանի Հանրապետության դատարանը կամ դատարանները՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան.

2) մինչդատական վարույթում գտնվող քրեական գործի հետ կապված դատավարական գործողությունների առնչությամբ միջազգային մարմնի պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին է ներկայացնում այն գործը և դրան առնչվող հարցերի շրջանակը, որոնք ենթակա են պարզաբանման և լուծման Հայաստանի Հանրապետության հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը որոշում է միջազգային մարմնի պաշտոնատար անձի ներկայացրած հարցերի պարզաբանման կամ լուծման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության նախաքննության կամ հետաքննության մարմինը (մարմինները)՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան։

Համապատասխան դատավարական գործողությունների ավարտից հետո` ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ գլխավոր դատախազին գրավոր ծանուցում են կատարված դատավարական գործողությունների մասին։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը իրենց իրավասությունների շրջանակներում համակարգում են համապատասխան դատավարական գործողությունների կատարմանը ներգրավված Հայաստանի Հանրապետության մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները` անհրաժեշտության դեպքում ներգրավելով իրավասու այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց։

(4997-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

(գլուխը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Գ Լ ՈՒ Խ  543

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ
ԵՎ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
(գլուխը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Հոդված 4998.  Օտարերկրյա պետությունների դատավճիռների ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռները ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետությունում։

2. Օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը, ճանաչման ենթակա դատավճիռների (որոշումների) տեսակները սահմանվում են տվյալ պետության հետ կնքված կամ նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով։

3. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչում են՝

1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.

2) Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության իրավասու վերաքննիչ դատարանը.

3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը՝ սույն օրենսգրքով սահմանված ընդդատությանը համապատասխան, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության առաջին ատյանի դատարանը։

4. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ սույն հոդվածի երրորդ մասով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանը որոշում է կայացնում։

Հայաստանի Հանրապետությունում ճանաչված օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կատարվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը, իսկ վնասի հատուցմանը և գույքային այլ բռնագանձումներին վերաբերող մասով՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությանը համապատասխան՝ միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։

(4998 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, 21.02.07 ՀՕ-93-Ն)

Հոդված 4999. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման պայմանները և մերժման հիմքերը

1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելիս սույն օրենսգրքի 4998-րդ հոդվածի երրորդ մասով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանները պարզում են, թե որքանով են պահպանված համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված այն պայմանները, որոնք ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու հիմք են։

Այդ պայմանների պահպանված լինելը, ինչպես նաև տվյալ միջազգային պայմանագրով դատավճռի ճանաչումը և կատարումը մերժելու հիմքերի բացակայությունը հիմք են օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու որոշում կայացնելու և ի կատար ածման ներկայացնելու համար։

2. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերով՝ նկատի ունենալով նաև կիրառվող միջազգային պայմանագրի վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արած հայտարարությունները կամ վերապահումները, ինչպես նաև, եթե՝

1) արարքը, որի համար անձը դատապարտվել է, Հայաստանի Հանրապետության օրենքով քրեորեն պատժելի չէ.

2) դատավճռով որպես պատիժ նախատեսված է մահապատիժ։

(4999 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Հոդված 49910.  Միջազգային դատարանի դատավճիռը ճանաչելը և մերժելը

1. Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա է ճանաչման, եթե դա նախատեսված է այդ դատարանի հիմնադրման մասին կամ նրա իրավասությունը սահմանող այլ միջազգային պայմանագրով (պայմանագրերով)։

Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ միջազգային դատարանի իրավասությունը սահմանող միջազգային պայմանագրով սահմանված կարգով։

2. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է այդ դատարանի իրավասությունը սահմանող միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով, և ճանաչումը կարող է մերժվել այդ պայմանագրով նախատեսված հիմքերով, ինչպես նաև սույն օրենսգրքի 4999-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում։

3. Միջազգային դատարան է համարվում Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող այն միջպետական մարմինը, որն իր հիմնադրման կամ նրա լիազորությունները սահմանող այլ միջազգային պայմանագրով (պայմանագրերով) իրավասու է քրեական գործեր քննելու և դրանց վերաբերյալ դատավճիռ կայացնելու։

4. Միջազգային դատարանի դատավճիռների կատարումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը, իսկ վնասի հատուցմանը և գույքային այլ բռնագանձումներին վերաբերող մասով՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։

(49910 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն)

Հոդված 49911. Օտարերկրյա պետության դատարանի և միջազգային դատարանի դատավճռի ճանաչման իրավական հետևանքները

Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռի ճանաչումը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջացնում է նույն իրավաբանական հետևանքները, ինչ կառաջացներ Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը։

(49911 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Հոդված 49912. Միջազգային դատարանի դատավճռի կատարումը առանց ճանաչման 

1. Եթե միջազգային դատարանի հիմնադիր կամ նրա իրավասությունը սահմանող այլ միջազգային պայմանագրով (պայմանագրով) նախատեսված է այդ դատարանի դատավճռի կատարում առանց ճանաչման, ապա այդ դատավճիռը տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ստանալուն պես ուղարկվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկ՝ ի կատար ածման։

2. Եթե տվյալ միջազգային դատարանի կանոնակարգով նախատեսված չէ նրա դատավճռի անմիջական կատարման կամ ճանաչման ձևով կատարման պարտականություն, ապա այդ դատավճռի հիման վրա, սույն օրենսգրքի 4081-րդ և 4101-րդ հոդվածներին համապատասխան, հարուցվում է գործի վերանայման վարույթ։

(49912 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Հոդված 49913. Միջազգային դատարանի դատավճռի կատարման իրավական հիմքերը և կարգը

1. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է կատարվել տվյալ դատարանի վերաբերյալ միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության մասնակից լինելու դեպքում։

2. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է ի կատար ածվել նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում նման միջազգային պարտավորություն ստանձնած չլինելով հանդերձ` տվյալ դատարանի իրավասության շրջանակներում միջազգային դատարանի հետ գրավոր համաձայնություն է ձեռք բերել այդ դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ի կատար ածելու վերաբերյալ։

3. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ի կատար ածման է ներկայացվում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան և առանց դատավճիռը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու, եթե նշված պարտավորություններով այլ բան նախատեսված չէ։

4. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ի կատար ածման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն` որոշում է քրեակատարողական այն հիմնարկը, որտեղ պետք է դատապարտված անձը կրի դատավճռով նշանակված պատիժը։

5. Միջազգային դատարանի դատավճռով Հայաստանի Հանրապետությունում պատիժ կրող անձի նկատմամբ գործում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենքի ռեժիմը՝ միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։

(49913 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Հոդված 49914. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռի կատարման իրավական հետևանքները

1. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռի ի կատար ածման նկատմամբ գործում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենքի ռեժիմը։

Պատիժ կրող անձի նկատմամբ այն առաջացնում է նույն իրավաբանական հետևանքները, ինչ կառաջանար, եթե տվյալ անձը դատապարտված լիներ Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա իրավասու դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

2. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռով նշանակված պատիժը լրիվ կամ չկրած մասով Հայաստանի Հանրապետության տարածքում կրող անձը օգտվում է պատժից վաղաժամկետ ազատվելու այն իրավունքներից, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերից, այդ թվում՝ ներման և համաներման իրավունքներից։

3. Պատժի լրիվ կամ դրա մի մասի կրումից կամ պատժից՝ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերով վաղաժամկետ ազատվելուց հետո անձը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է գտնվել իր կարգավիճակին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա պետության քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ և այլն)։

Միաժամանակ, եթե պատիժը կրած կամ պատժից վաղաժամկետ ազատված անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ և, ըստ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի, կարող է փոխանցվել որևէ օտարերկրյա պետության, որը պարտավոր է ընդունել նրան, կամ որևէ այլ պետության, որը համաձայնվել է ընդունել նրան, ապա այդ անձը իր համաձայնությամբ փոխանցվում է տվյալ պետությանը։

4. Եթե օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ի կատար ածելու ընթացքում վերանայում է դրա իրավասությունն ունեցող օտարերկրյա պետության դատարանը կամ միջազգային դատարանը, ապա ի կատար ածումը դադարեցվում կամ շարունակվում է վերանայման արդյունքում կայացրած դատավճռին համապատասխան և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով։

5. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը կարող է վերանայել բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում։

(49914 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

(գլուխը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Գ Լ ՈՒ Խ  544

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ
(գլուխը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 49915. Միջազգային դատարան դիմելու իրավունքը

1. Յուրաքանչյուր անձ, որ գտնում է, որ քրեական գործով սույն օրենսգրքով սահմանված կարգով ընդունված վերջնական դատական որոշմամբ իր նկատմամբ խախտվել են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված իրավունքները, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարան դիմելու իրավունք ունի՝ այդ դատարանի հիմնադրման մասին կամ նրա լիազորությունները սահմանող միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ միջազգային դատարանի կանոնակարգեր) սահմանված կարգով։

2. Սույն գլխի նպատակների համար վերջնական դատական որոշում է համարվում սույն օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի կայացրած և 424-րդ հոդվածով սահմանված կարգով ուժի մեջ մտած որոշումը։

3. Միջազգային դատարան դիմելու իրավունքը ծագում է վերջնական դատական որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված պահից։ Անձն այդ իրավունքը կորցնում է միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված դեպքերում և կարգով։

4. Միջազգային դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով։

(49915 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն)

Հոդված 49916. Միջազգային դատարան դիմելու կարգը

 

1. Միջազգային դատարան դիմելու կարգը սահմանվում է համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով։

2. Անձը, որը մտադրություն ունի օգտվելու միջազգային դատարան դիմելու իրավունքից, ինչպես նաև նրա օրինական ներկայացուցիչը կամ ներկայացուցիչը իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանից, ինչպես նաև տվյալ գործով դատական ակտեր ընդունած Հայաստանի Հանրապետության մյուս դատարաններից ձեռք բերելու տվյալ գործին առնչվող փաստաթղթեր, դրանց պատճենները, լուսապատճենները, կատարել քաղվածքներ դրանցից։

3. Միջազգային դատարան դիմելու հետ կապված ծախսերը կրում է դիմողը, եթե այդ դատարանի կանոնակարգերով այլ բան նախատեսված չէ։

(49916 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 49917. Միջազգային դատարանին աջակցելու պարտականությունը

 

1. Միջազգային դատարանի վարույթում գտնվող գործի հետ կապված հանգամանքներ պարզելու կամ լրացուցիչ ապացույցներ, փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու վերաբերյալ այդ դատարանի ուղարկած հարցումներին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը պատասխանում և անհրաժեշտ նյութերն ու փաստաթղթերը տրամադրում է համապատասխան հարցումն ստանալու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում, եթե միջազգային դատարանի կանոնակարգերով այլ ժամկետ սահմանված չէ։

2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը աջակցություն է ցույց տալիս տվյալ գործով միջազգային դատարանին հետաքրքրող բոլոր հանգամանքների պարզաբանման համար՝ ելնելով Հայաստանի Հանրապետության դատարանների` տվյալ գործի քննության ընթացքում թույլ տված դատական սխալները բացահայտելու և արդարադատության շահը մինչև վերջ պաշտպանելու անհրաժեշտությունից:

(49917-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

(գլուխը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  15

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  55

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.