ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 53.

Դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում

 

1. Դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է`

1) հարուցել և իրականացնել քրեական հետապնդում, վերացնել քննիչի կայացրած որոշումը քրեական գործը կարճելու մասին, դատարանի միջնորդության հիման վրա հարուցել քրեական գործ, վերացնել հետաքննության մարմնի և քննիչի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին և հարուցել քրեական գործ, ինչպես նաև իր նախաձեռնությամբ հարուցել քրեական գործ.

2) (կետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-129-Ն).

3) հանցագործության դեպքով հետաքննության մարմնին և քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր քրեական գործ հարուցելու համար.

4) հետաքննության մարմնին և քննիչին հանձնարարել կատարելու անհետաձգելի քննչական գործողություններ.

5) (կետն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)

6) հետաքննության և նախաքննության նկատմամբ իրականացնել դատավարական ղեկավարում:

2. Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է`

1) ստուգել կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների, այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման մասին օրենքի պահանջների կատարումը հետաքննության մարմնի կողմից.

2) ստուգման համար հետաքննության մարմնից, քննիչից պահանջել նյութեր, փաստաթղթեր, քրեական գործեր և քննության ընթացքի մասին տեղեկություններ, ինչպես նաև ծանոթանալ դրանց կամ դրանք ստուգել նրանց գտնվելու վայրում.

3) ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից և հանձնել նախաքննության մարմնին, քրեական գործը սույն օրենսգրքի 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով.

4) անհրաժեշտության դեպքում քննչական բաժնի պետին գրավոր ցուցում տալ գործի քննությունը քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ, ինչպես նաև ցուցում տալ նախաքննություն իրականացնող տարբեր մարմինների քննչական բաժինների պետերին` այդ մարմինների քննիչներից ստեղծված քննչական խմբում ներառելու վերաբերյալ:

Հատուկ քննչական ծառայության քննիչները կարող են ներգրավվել միայն տվյալ ծառայությանը ենթակա քրեական գործերի քննության համար ստեղծված քննչական խմբերում.

5) լուծել հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին, ստորադաս դատախազին հայտնված բացարկի, ինչպես նաև վերջիններիս ինքնաբացարկի հարցերը.

6) հետաքննության մարմնին, քննիչին գրավոր ցուցումներ տալ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու, որոշումներ ընդունելու վերաբերյալ.

7) հսկող դատախազի որոշումների և ցուցումների վերաբերյալ քննիչի գրավոր առարկությունները ստանալու պահից յոթօրյա ժամկետում որոշմամբ մերժել այդ առարկությունները՝ հսկող դատախազի որոշումը կամ ցուցումը թողնելով ուժի մեջ, կամ վերացնել հսկող դատախազի որոշումը կամ ցուցումը՝ առարկությունը ճանաչելով հիմնավորված.

8) գործի քննության օրինականությունն ապահովելու նպատակով հսկողություն իրականացնող դատախազին տալ գրավոր ցուցումներ.

9) լուծել հետաքննության մարմնի, քննիչի որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքները, բացառությամբ այն բողոքների, որոնց լուծումն օրենքով վերապահված է դատարանին.

10) հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին հեռացնել տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, եթե գործի քննության ընթացքում նրանք թույլ են տվել օրենքի խախտում.

11) դիմել համապատասխան մարմիններ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձանց կալանավորման հարցը լուծելու, քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններով, եթե այդ անձինք քրեական գործով պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ.

12) վերադարձնել քրեական գործերը քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու համար պարտադիր ցուցումներով.

13) վերացնել հետաքննության մարմնի կամ քննիչի անօրինական կամ անհիմն որոշումները.

14) հաստատել մեղադրական եզրակացությունը, իսկ այն անձանց նկատմամբ քրեական գործերով, որոնք քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում կամ անմեղսունակ են դարձել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարելուց հետո` եզրափակիչ որոշումը.

15) գործն ուղարկել դատարան` ըստ էության քննելու համար:

3. Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազն իրավասու է նաև`

1) (կետն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)

2) իր իրավասության շրջանակներում հետաքննության մարմնից տեղեկություններ ստանալ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման և հանցագործությունների բացահայտման, անհայտ կորած անձանց և կորած գույքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին.

3) պահանջել փաստաթղթեր, նյութեր և գործեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքերի և դրանց առնչվող անձանց մասին.

4) հետաքննության մարմնին պարտադիր գրավոր ցուցումներ տալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին` կապված քրեական գործով վարույթի հետ.

5) դիմել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով.

6) հրաժարվել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց, կարճել քրեական գործով վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը.

7) հետաքննության մարմնին հանձնարարել իրականացնել ձերբակալման, բերման ենթարկելու, կալանավորման, այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումները.

8) միջոցներ ձեռնարկել տուժողի, վկայի և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանց պաշտպանության համար.

9) դիմել դատարան` սույն օրենսգրքով նախատեսված միջնորդություններով.

10) ազատել առանց օրինական հիմքերի կամ առանց անհրաժեշտության ձերբակալված կամ կալանավորված անձանց.

11) անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակումները:

4. Քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում դատախազն իրականացնում է նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

(53-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ., խմբ. 22.02.07 ՀՕ-129-Ն, փոփ., խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, խմբ. 06.12.16 ՀՕ-214-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.