ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 57. Հետաքննության մարմնի լիազորությունները

 

1. Հետաքննության մարմնի պետն ապահովում է հետաքննության մարմնի լիազորությունների կատարումն անձամբ և հետաքննության մարմնի աշխատակիցների միջոցով:

2. Հետաքննության մարմինը`

1) հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու, հանցագործությունը կանխելու և խափանելու նպատակով ձեռնարկում է համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ.

2) մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարում է դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնում է նմուշներ և նշանակում փորձաքննություն.

3) հարուցում է քրեական գործ, գործն ընդունում է իր վարույթ կամ ուղարկում է ըստ ենթակայության, ինչպես նաև սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան մերժում է քրեական գործ հարուցելը, քրեական գործ հարուցելու կամ գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու նպատակով.

4) հայտնաբերված հանցագործության և գործով սկսված հետաքննության մասին անհապաղ տեղյակ է պահում դատախազին և քննիչին.

5) քրեական գործ հարուցելուց հետո հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, հանցագործության հետքերը հայտնաբերելու և ամրապնդելու ուղղությամբ կատարում է քննչական անհետաձգելի գործողություններ` զննություն, խուզարկություն, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների լսում, առգրավում, քննում, կասկածյալի ձերբակալում ու հարցաքննություն, տուժողների և վկաների հարցաքննություն, առերեսում, նշանակում է փորձաքննություն.

6) քրեական գործ հարուցելու պահից տասն օրվա ընթացքում, իսկ հանցանք կատարողին ի հայտ բերելու կամ քննչական անհետաձգելի գործողությունները ավարտելու, ինչպես նաև քննիչի ներգրավման պահից անհապաղ գործը հանձնում է քննիչին.

7) քննիչի վարույթում գտնվող հանցագործությունների գործերով կատարում է քննիչի, դատախազի հանձնարարությունները, դատախազի ցուցումները.

8) գրանցում է հանցագործությունների մասին հաղորդումները.

9) բերման է ենթարկում հանցանքի կատարման մեջ կասկածվող անձանց, զննում և խուզարկում է նրանց, ինչպես նաև ազատում է առանց բավարար հիմքերի բերման ենթարկված անձանց.

10) հնարավորություն է ապահովում դատախազին` իր լիազորությունների շրջանակում ստուգելու հետաքննության մարմնի գործունեությունը.

11) դատախազին և քննիչին տրամադրում է իրենց լիազորությունների շրջանակում նրանց պահանջած անհրաժեշտ տեղեկությունները.

12) միջոցներ է ձեռնարկում հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ.

13) հարցման է ենթարկում դեպքի ականատեսներին, ծանոթանում դեպքի իրադրությանը, ինչպես նաև այն փաստաթղթերին, գործերին և նյութերին, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին.

14) պահանջում է փաստաթղթեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին.

15) պահանջում է կատարել վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ.

16) (կետն ուժը կորցրել է 25.05.06 ՀՕ-91-Ն)

17) կազմակերպում է դատարանի օրինական հանձնարարությունների կատարումը.

18) իրականացնում է սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

3. Քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու, կասկածյալին ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու, այն վերացնելու կամ փոփոխելու, համապատասխան քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար դատարանին միջնորդությամբ դիմելու, գործը քննիչին հանձնելու մասին հետաքննություն կատարող անձի կողմից կայացված որոշումները հաստատվում են հետաքննության մարմնի պետի կողմից:

4. Հետաքննության մարմնի պետն իրավունք ունի հետաքննության մարմնի աշխատակցին հանձնարարել հանցագործության դեպքով կատարել հետաքննություն, նրան տալ պարտադիր գրավոր ցուցումներ առանձին քննչական գործողություններ կատարելու մասին, գործը մի աշխատակցից հանձնել մյուսին, գործի քննությունը հանձնարարել մի քանի աշխատակիցների, մասնակցել հետաքննության կատարմանը և անձամբ կատարել հետաքննություն:

5. Դատախազի ցուցումները, որոնք տրված են սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, պարտադիր են հետաքննության մարմնի պետի համար:

6. Հետաքննության մարմինն իրականացնում է նաև սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(57-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.