ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 63. Կասկածյալի իրավունքները և պարտականությունները

 

1. Կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու պաշտպանության իր իրավունքը:

2. Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`

1) իմանալ` ինչում է կասկածվում, տեղեկացվել կասկածանքի բովանդակությանը, նրան վերագրվող արարքի փաստական կողմին և իրավաբանական որակմանը.

2) ձերբակալվելուց հետո հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անմիջապես ստանալ իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.

3) ձերբակալվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարվելուց հետո քրեական հետապնդման մարմնից անմիջապես անվճար ստանալ ձերբակալելու կամ խափանման միջոց ընտրելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշման պատճենը, իսկ ձերբակալման արձանագրություն կազմելուց հետո` դրա պատճենը.

4) ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն.

5) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցվել իր պաշտպանի հետ` առանց դրանց թվի և տևողության սահմանափակման, բացառությամբ սույն օրենսգրքի 211-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.

6) հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ.

7) տալ ցուցմունքներ կամ հրաժարվել ցուցմունքներ տալուց.

8) տալ բացատրություններ կամ հրաժարվել բացատրություններ տալուց.

9) արգելանքի վերցնելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով մերձավոր ազգականներին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաև զինվորական մասի հրամանատարությանը, հեռախոսակապի կամ հնարավոր այլ միջոցով տեղյակ պահելու արգելանքի տակ պահելու իր տեղի և հիմքերի մասին։

Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի արգելանքի վերցնելու դեպքում նրան պահելու տեղի և հիմքերի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է արգելանքի վերցված անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի՝ նրա մշտական բնակության պետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև շահագրգիռ այլ պետությանը։

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով արգելանքի վերցված օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին իրավունք է վերապահված կապվելու համապատասխանորեն իր քաղաքացիության պետության կամ իր մշտական բնակության պետության համապատասխան ներկայացուցչի կամ այդպիսի կապ հաստատելու իրավասություն ունեցող այլ ներկայացուցչի հետ կամ այդ ներկայացուցչի կողմից իրեն այցելության, ապա արգելանքի վերցված անձի կողմից այդ իրավունքի իրականացման խնդրանքի դեպքում պետք է այն բավարարել.

10) ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու համար.

11) հայտնել բացարկներ.

12) հարուցել միջնորդություններ.

13) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.

14) իր միջնորդությամբ, հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի թույլտվությամբ անձամբ կամ պաշտպանի միջոցով մասնակցել քննչական և այլ դատավարական գործողություններին կամ հրաժարվել դրանց մասնակցելուց, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ.

15) ծանոթանալ այն քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու դեպքում պահանջել նշված գործողության արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն.

16) քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների վերաբերյալ ընդունված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների պատճենները.

17) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները.

18) հետ վերցնել իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը.

19) ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով անօրինական պատճառված վնասի հատուցումը:

3. Կասկածը չհաստատվելու դեպքում կասկածյալը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ:

4. Կասկածյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք: Կասկածյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար, բացի այն դեպքերից, երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին:

5. Կասկածյալը պարտավոր է`

1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

2) լինելով ձերբակալված` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել զննման, ինչպես նաև անձնական խուզարկության.

3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարվել և հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մարմնի արտաթորությունների նմուշներ.

4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման և փորձաքննության.

5) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատավորի օրինական կարգադրություններին:

6. Կասկածյալն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ:

7. Անչափահաս կամ անգործունակ կասկածյալի իրավունքները նրա փոխարեն, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:

(63-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց., փոփ. 23.05.06 ՀՕ-104-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.