ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 65. Մեղադրյալի իրավունքները և պարտականությունները

 

1. Մեղադրյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել պաշտպանության իր իրավունքը:

2. Մեղադրյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`

1) իմանալ` ինչում է մեղադրվում, որի համար մեղադրանք առաջադրելուց, արգելանքի վերցվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը հայտարարելուց հետո քրեական հետապնդման մարմնից անմիջապես անվճար ստանալ որպես մեղադրյալ ներգրավման մասին որոշման պատճենը.

2) արգելանքի վերցվելուց հետո հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անմիջապես անվճար ստանալ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.

3) մեղադրանք առաջադրելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն.

4) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցել իր պաշտպանի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման.

5) հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ.

6) տալ ցուցմունքներ կամ հրաժարվել ցուցմունքներ տալուց, առերես հարցաքննվել իր դեմ վկայած անձանց հետ.

7) տալ բացատրություններ կամ հրաժարվել բացատրություններ տալուց.

8) իր միջնորդությամբ, հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի թույլտվությամբ անձամբ կամ պաշտպանի միջոցով մասնակցել քննչական և այլ դատավարական գործողություններին կամ հրաժարվել դրանց մասնակցելուց, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ.

9) արգելանքի վերցնելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով մերձավոր ազգականներին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաև զինվորական մասի հրամանատարությանը, տեղյակ պահել արգելանքի տակ պահելու իր տեղի և հիմքերի մասին։

Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձին արգելանքի վերցնելու դեպքում նրան պահելու տեղի և հիմքերի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է արգելանքի վերցված անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի՝ նրա մշտական բնակության պետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև շահագրգիռ այլ պետությանը:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով արգելանքի վերցված օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին իրավունք է վերապահված կապվելու համապատասխանորեն իր քաղաքացիության պետության կամ իր մշտական բնակության պետության համապատասխան ներկայացուցչի կամ այդպիսի կապ հաստատելու իրավասություն ունեցող այլ ներկայացուցչի հետ կամ այդ ներկայացուցչի կողմից իրեն այցելության, ապա արգելանքի վերցված անձի կողմից այդ իրավունքի իրականացման խնդրանքի դեպքում պետք է այն բավարարել.

10) քրեական գործին կցելու և հետազոտելու համար ներկայացնել նյութեր.

11) հայտնել բացարկներ.

12) հարուցել միջնորդություններ.

13) հայտարարել իր մեղավորության կամ անմեղության մասին.

14) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.

15) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել, և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.

16) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.

161) մինչև գործի դատաքննությունն սկսելը հանդես գալ դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությամբ.

17) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին և գործի նյութերի հետազոտմանը, հանդես գալ ճառերով և ռեպլիկով.

18) դատական քննության ընթացքում հանդես գալ վերջին խոսքով.

19) քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների նշանակման, իր նկատմամբ խափանման միջոց և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին կայացված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների և մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման, հայցադիմումի պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման պատճենը.

20) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.

21) հետ վերցնել իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը.

22) առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացված կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.

23) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների և առաջարկությունների առիթով.

24) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.

25) առարկել նախագահողի գործողությունների դեմ.

26) ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով անօրինական պատճառված վնասի հատուցումը:

3. Մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք: Մեղադրյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար, բացի այն դեպքերից, երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին:

4. Մեղադրյալը պարտավոր է`

1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

2) լինելով կալանավորված` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել անձնական խուզարկության.

3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարվել և հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մարմնի արտաթորությունների նմուշներ.

4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման և փորձաքննության.

5) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատավորի օրինական կարգադրություններին.

6) մինչև ընդմիջում հայտարարելն առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը.

7) դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:

5. Մեղադրյալն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ:

6. Անչափահաս կամ անգործունակ մեղադրյալի իրավունքները սույն օրենսգրքով սահմանված կարգով նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:

(65-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 23.05.06 ՀՕ-104-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.