ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 66. Արդարացվածը

 

1. Արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

2. Արդարացվածն իրավունք ունի բողոքարկել իր նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը կամ արդարացման դատավճիռը:

3. Արդարացվածն իրավունք ունի նաև պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները:

4. Արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալ`

1) աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է.

2) գույքի բռնագրավմամբ` այն պետության եկամուտ դարձնելու, քննություն իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետևանքով պատճառված վնասը.

3) վճարված դատական ծախսերը.

4) փաստաբանին վճարված գումարները.

5) դատավճիռն ի կատար ածելիս վճարված կամ առգրավված տուգանքը:

5. Գումարները, որոնք ծախսվել են անձին անազատության մեջ պահելու համար, դատական ծախսերը, ինչպես նաև անազատության մեջ պարտադիր աշխատանքներ կատարելու համար այդ անձի աշխատավարձը չեն կարող հանվել այն գումարից, որը ենթակա է վճարման քրեական վարույթն իրականացնող մարմնի սխալի հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար:

6. Այն դեպքում, երբ քրեական գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է կամ արդարացման դատավճիռ է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով, սույն հոդվածով նախատեսված վնասի հատուցումը կատարվում է միայն քաղաքացիական դատավարության կարգով` քաղաքացիական հայցի լուծումից հետո:

7. Այն դեպքում, երբ արդարացման դատավճիռը կամ քրեական գործը կարճելու կամ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, որի հիման վրա կատարվել է վնասի հատուցում, վերացվել է և համապատասխան անձի նկատմամբ նույն գործով կայացվել է մեղադրական դատավճիռ, գումարները, որոնք վճարվել են որպես վնասի հատուցում, կարող է առգրավել դատարանը` որոշման կատարման շրջադարձման կարգով:

8. Արդարացվածն իրավունք ունի նաև`

1) վերականգնվել նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում), իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ համարժեք աշխատանք (պաշտոն) կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցում.

2) ազատազրկման, կալանքի կամ ազատության սահմանափակման ձևով պատիժը կրել, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահվելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցել.

3) հետ ստանալ նախկինում զբաղեցրած բնակելի տարածքը, իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ բնակմակերեսով և գտնվելու վայրով համարժեք բնակելի տարածք.

4) զինվորական և այլ կոչումների վերականգնման` հաշվի առնելով երկարամյա ծառայությունը:

9. Արդարացվածի պահանջով`

1) դատարանը կամ քննություն իրականացնող մարմինները պարտավոր են այդ մասին երկշաբաթյա ժամկետում հայտնել անձի նախկին և ներկա աշխատանքի, ուսման, բնակության վայր.

2) լրատվության միջոցը, որը հրապարակել է քրեական գործի վարույթով կասկածյալին կամ մեղադրյալին նշանակվող տեղեկություններ, պարտավոր է մեկ ամսվա ընթացքում հայտնել գործով կայացված վերջնական որոշման մասին:

10. Քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից:

11. Արդարացվածի մահվան կամ անգործունակության դեպքում պահանջի իրավունքը սույն հոդվածի չորրորդ, հինգերորդ և իններորդ մասերով անցնում է նրա մոտակա հերթի ժառանգներին:

(66-րդ հոդվածը լրաց. 25.10.11 ՀՕ-266-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.