ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 73. Պաշտպանի իրավունքները և պարտականությունները

 

1. Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, կասկածյալի կամ մեղադրյալի պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, նրա օրինական շահերը պաշտպանելու, կասկածյալին և մեղադրյալին իրավաբանական օգնություն ցույց տալու համար, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`

1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին կամ իմանալ` ինչում է կասկածվում պաշտպանյալը, մասնակցել նրա հարցաքննություններին.

2) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցել իր պաշտպանյալի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման.

3) քրեական հետապնդման մարմնի առաջարկով մասնակցել իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին, քրեական հետապնդման մարմնի թույլտվությամբ մասնակցել քրեական հետապնդման մարմնի կողմից իր միջնորդությամբ իրականացվող բոլոր քննչական և այլ դատավարական գործողություններին, մասնակցել իր պաշտպանյալի մասնակցությամբ իրականացվող ցանկացած քննչական կամ այլ դատավարական գործողությանը, եթե դա պահանջում է կասկածյալը կամ մեղադրյալը, կամ գործողությունը սկսելիս դրա մասին միջնորդում է ինքը` պաշտպանը.

4) կասկածյալին և մեղադրյալին հիշեցնել իրենց իրավունքները, և քննչական կամ այլ դատավարական գործողություն իրականացնող անձի ուշադրությունը հրավիրել նրա կողմից թույլ տրված օրենքի խախտման վրա.

5) քրեական գործով ձեռք բերել նյութեր, դրանք ներկայացնել քրեական գործին կցելու և հետազոտելու համար.

6) հարցման ենթարկել մասնավոր անձանց, ինչպես նաև տարբեր կազմակերպություններից պահանջել տեղեկանքներ, բնութագրեր և այլ փաստաթղթեր, եթե դրանք չեն պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք: Վերջիններս պարտավոր են սահմանված կարգով տրամադրել այդ փաստաթղթերը կամ դրանց պատճենները.

7) պաշտպանյալի համաձայնությամբ հարցնել մասնագետների կարծիքը` պարզաբանելու համար իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված այն հարցերը, որոնք պահանջում են հատուկ գիտելիքներ.

8) հայտնել բացարկներ.

9) հարուցել միջնորդություններ.

10) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.

11) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա կամ իր պաշտպանյալը մասնակցել կամ ներկա է գտնվել, դիտողություններ ներկայացնել այն քննչական կամ դատավարական գործողության արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, որին նա մասնակցել է, քննչական և այլ դատավարական գործողությանը, ինչպես նաև դատարանի նիստին մասնակցելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.

12) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.

13) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերի և գործի նյութերի հետազոտմանը, հանդես գալ ճառով և ռեպլիկով.

14) իր խնդրանքով ստանալ այն որոշումների պատճենները, որոնք իր պաշտպանյալը սույն օրենսգրքով ստանալու իրավունք ունի.

15) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.

16) հետ վերցնել իր ներկայացրած ցանկացած բողոք, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի.

17) տուժողի հետ կասկածյալի և մեղադրյալի հաշտվելիս պաշտպանյալի հանձնարարությամբ հանդես գալ նրա անունից.

18) առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացված կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.

19) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների և առաջարկությունների առիթով.

20) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.

21) առարկել նախագահողի անօրինական գործողությունների դեմ.

22) պաշտպանյալի հաշվին, իսկ կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու դեպքում` Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին ստանալ վարձատրություն:

2. Պաշտպանն իրավունք չունի կատարել պաշտպանյալի շահերին հակասող որևէ գործողություն: Պաշտպանը չի կարող հակառակ պաշտպանյալի դիրքորոշման` ընդունել դեպքի հետ նրա առնչությունը և մեղավորությունը դրա կատարման մեջ: Պաշտպանն իրավունք չունի հրապարակել այն տեղեկությունները, որոնք իրեն հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու ընթացքում, եթե դրանք կարող են օգտագործվել պաշտպանյալի շահերի դեմ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Պաշտպանն իրավունք չունի ինքնակամ դադարեցնել իր լիազորությունները որպես այդպիսին, խոչընդոտել այլ պաշտպան հրավիրելուն կամ քրեական գործով վարույթին վերջինիս մասնակցելուն: Պաշտպանն իրավունք չունի քրեական գործով վարույթին մասնակցելու իր լիազորությունները վերավստահել այլ անձի:

4. Պաշտպանն իրավունք չունի առանց պաշտպանյալի հանձնարարության`

1) հայտարարել հանցանքի կատարման մեջ նրա մեղավորության մասին.

2) հայտարարել տուժողի հետ պաշտպանյալի հաշտվելու մասին.

3) ընդունել քաղաքացիական հայցը.

4) հետ վերցնել պաշտպանյալի ներկայացրած բողոքը:

5. Պաշտպանը պարտավոր է`

1) կասկածյալին և մեղադրյալին իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

2) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

3) մինչև ընդմիջում հայտարարելը առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը.

4) դատական նիստում պահպանել կարգուկանոն:

6. Պաշտպանն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ:

(73-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 23.05.06 ՀՕ-104-Ն)

(73-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` դրանում ամրագրված` «քրեական հետապնդման մարմնի թույլտվությամբ» և «եթե դա պահանջում է կասկածյալը կամ մեղադրյալը, կամ գործողությունը սկսելիս դրա մասին միջնորդում է ինքը` պաշտպանը» ձևակերպումների մասով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթին և 43-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին հակասող և անվավեր 08.10.2013 ՍԴՈ-1119 որոշմամբ)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.