ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 79. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցչի իրավունքները և պարտականությունները

 

1. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը քրեական գործով վարույթի ընթացքում իրականացնում է նրանց իրավունքները, բացառությամբ վերջիններիս անձից անբաժանելի իրավունքների: Լիազորողի շահերի պաշտպանության համար տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`

1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին.

2) քրեական հետապնդման մարմնի առաջարկով մասնակցել իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին, գործողությունն սկսելու պահին ներկայանալիս` մասնակցել իր լիազորողի մասնակցությամբ իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողությանը.

3) տալ բացատրություններ.

4) ներկայացնել նյութեր` քրեական գործին կցելու և հետազոտելու համար.

5) հայտնել բացարկներ.

6) հարուցել միջնորդություններ.

7) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.

8) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա կամ դատավարությանը` իր կողմից ներկայացվող մասնակիցը մասնակցել կամ ներկա է գտնվել, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.

9) ստանալ մեղադրական եզրակացության պատճենը.

10) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.

11) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին, հանդես գալ եզրափակիչ ճառով և ռեպլիկով.

12) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.

13) լիազորողի համաձայնությամբ հետ վերցնել իր ներկայացրած բողոքը.

14) լիազորողի շահերին առնչվող մասով առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացրած կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.

15) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների և առաջարկությունների առիթով, ինչպես նաև դատարանի կողմից լուծվող այլ հարցերի կապակցությամբ.

16) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.

17) առարկել նախագահողի գործողությունների դեմ.

18) լիազորողի համաձայնությամբ նրա համար հրավիրել այլ ներկայացուցիչ և վերավստահել ներկայացուցչությունը:

2. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը` իրեն տրված լիազորագրում այդ մասին հատուկ նշված դեպքերում, ինչպես նաև քաղաքացիական հայցվորի կամ քաղաքացիական պատասխանողի շահերն ի պաշտոնե ներկայացնող, իր իրավասության սահմաններում գործող համապատասխան իրավաբանական անձի ղեկավարն իր լիազորողի անունից, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`

1) հետ վերցնել իր լիազորողի նկատմամբ քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ ներկայացված բողոքը.

2) հաշտվել կասկածյալի, մեղադրյալի հետ.

3) հրաժարվել իր լիազորողի ներկայացրած քաղաքացիական հայցից.

4) ընդունել իր լիազորողին ներկայացրած քաղաքացիական հայցը.

5) ստանալ լիազորողին հատկացված գույքը:

3. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, նաև իրավունք ունի իր խնդրանքով անվճար ստանալ այն որոշումների պատճենները, որոնք դատավարությանը` իր կողմից ներկայացվող մասնակիցը սույն օրենսգրքով ստանալու իրավունք ունի:

4. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչն իրավունք չունի կատարել լիազորողի շահերին հակասող որևէ գործողություն:

5. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը պարտավոր է`

1) հետևել իր լիազորողի ցուցումներին.

2) քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել ներկայացուցչի` իր լիազորությունները հաստատող փաստաթղթերը.

3) ներկայացվող անձի շահերը պաշտպանելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները և փաստաթղթերը.

5) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

6) դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:

6. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:

(79-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-34-Ն, 25.05.06 ՀՕ-91-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.