ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 84. Մասնագետը

 

1. Մասնագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմինը նշանակում է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ` գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառներում իր մասնագիտական հմտությունները և գիտելիքներն օգտագործելով աջակցելու քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելիս: Մասնագետը կարող է նշանակվել դատավարության մասնակցի առաջարկած անձանցից:

2. Մասնագետը պետք է տիրապետի բավարար մասնագիտական հմտությունների և գիտելիքների:

3. Քրեական գործով վարույթում իրավաբանական հարցերով մասնագետ չի ներգրավվում: Մասնագետի հայտնած կարծիքը չի փոխարինում փորձագետի եզրակացությանը:

4. Մասնագետը պարտավոր է`

1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով անհրաժեշտ աջակցություն ցույց տալու համար.

2) քրեական վարույթն իրականացնող մարմնին և քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձին ներկայացնել իր հատուկ որակավորումը հաստատող փաստաթղթերը.

3) քրեական վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաև կողմերի պահանջով դատական նիստի ժամանակ տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի և համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ հարաբերությունների մասին.

4) աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ ամբողջ ժամանակահատվածում գտնվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման վայրում, դատական նիստերի դահլիճում և չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստերի դահլիճը` առանց նախագահողի թույլտվության.

5) օգտագործել իր մասնագիտական հմտություններն ու գիտելիքներն առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հարցեր առաջադրելու գործում քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձին օգնություն ցույց տալու, ինչպես նաև նշված անձին, քրեական վարույթն իրականացնող մարմնին և դատարանի նիստին ներկա գտնվող կողմերին իր մասնագիտական իրավասության մեջ մտնող հարցեր պարզաբանելու համար, բացատրել իր գործողությունները.

6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

7) դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն.

8) արձանագրությունում ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության ընթացքի, բովանդակության և արդյունքների գրառումների լրիվությունը և ճշտությունը.

9) առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության ժամանակ, ինչպես նաև դռնփակ դատական նիստի ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները:

5. Մասնագետի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

6. Մասնագետն իրավունք ունի`

1) քրեական վարույթն իրականացնող մարմնի կամ քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձի թույլտվությամբ ծանոթանալ գործի նյութերին և հարցեր տալ ներկաներին.

2) ներկաների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքների վրա, որոնք կապված են առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հարցեր առաջադրելու, ինչպես նաև իր մասնագիտական իրավասության մեջ մտնող հարցերի բովանդակության հետ.

3) առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հարցեր առաջադրելու հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.

4) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով` դատական նիստի արձանագրությանը և իր մասնակցությամբ իրականացվող քննչական գործողության ընթացքի, բովանդակության և արդյունքների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.

5) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում:

7. Մասնագետն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.