ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 90. Դատավորի ինքնաբացարկը

 

1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը, ի թիվս այլոց, ներառում են այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.

2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է այն փաստերին, որոնք վիճարկվում են դատաքննության ընթացքում.

3) դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Սույն օրենքի իմաստով, անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները: Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Անձի հետ արյունակցական կապի մինչև 3-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք.

4) դատավորը գիտի, որ նա անձամբ կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:

2. Դատավորի կողմից գործը դատական քննության նախապատրաստելն առաջին ատյանի դատարանի կազմում համապատասխան գործի հետագա քննությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանք չէ: Վճռաբեկ դատարանի դատավորի մասնակցությունը գործի քննությանը, վճռաբեկ դատարանում նույն գործի քննությանը նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չեն:

3. Դատավարության մասնակիցները սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունեն դատավորին, իսկ եթե գործը քննվում է կամ պետք է քննվի կոլեգիալ՝ դատավորներին կամ դատարանի ամբողջ կազմին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու:

Միջնորդությունը պետք է լինի պատճառաբանված և նույն հիմքով կարող է ներկայացվել մեկ անգամ:

4. Դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության հարցը լուծում է այն դատավորը, որին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացվել: Դատավորների կոլեգիալ կազմով գործը քննելու ժամանակ, եթե ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել մեկից ավելի դատավորների կամ դատարանի ամբողջ կազմին, ապա յուրաքանչյուր դատավոր լուծում է իր ինքնաբացարկի հարցը:

5. Ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքում կայացվում է որոշում, որում նշվում են այն բավարարելու կամ մերժելու հիմքերը:

6. Դատավորը, որը ինքնաբացարկ է հայտնել, պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը ենթակա է բառացի արձանագրման: Ինքնաբացարկ հայտնած դատավորը, եթե համարում է, որ ինքը կարող է տվյալ գործով լինել անկողմնակալ, կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկը անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի դատաքննությունը:

7. Ինքնաբացարկի մասին որոշումն անհապաղ ուղարկվում է դատավարության կողմերին:

8. Դատավորը պարտավոր չէ կայացնել ինքնաբացարկն ընդունելու մասին որոշում, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին, կամ գործի լուծման հրատապության առումով անգործությունը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:

(90-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.