ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 98. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը

 

1. Քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք:

Սույն գլխում «մերձավոր» է համարվում այն անձը, որի պաշտպանության նպատակով քրեական դատավարությանը մասնակցող անձը գրավոր դիմում է ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմին:

2. Քրեական դատավարությանը մասնակցող անձի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի (սույն գլխում այսուհետ` պաշտպանվող անձ) պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման:

4. Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին պաշտպանվող անձի դիմումը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան դա ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մասին անմիջապես հայտնվում է դիմողին, և նրան է ուղարկվում համապատասխան որոշման պատճենը:

5. Եթե պաշտպանվող անձի դիմումի վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումը մերժելու մասին, ապա դիմում ներկայացրած անձն իրավունք ունի որոշման պատճենն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, այն բողոքարկելու սույն օրենսգրքով սահմանված կարգով։

6. Պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումի մերժումը արգելք չէ պաշտպանվող անձի կողմից այդպիսի միջոցներ ձեռնարկելու մասին նոր դիմում ներկայացնելու համար, եթե նա ենթարկվել է սպառնալիքի կամ հարձակման կամ ի հայտ են եկել նախորդ դիմումում չնշված այլ հանգամանքներ:

7. Ձերբակալվածներին պահելու վայրի, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ղեկավարը համապատասխանաբար ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման ձևով պատիժը կրող անձի պաշտպանության համար կարող է դիմել քրեական վարույթն իրականացնող մարմին՝ իր նախաձեռնությամբ կամ այդ անձի դիմումի հիման վրա:

(98-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 

Հոդված 981. Պաշտպանության միջոցները

 

Պաշտպանության միջոցներն են՝

1) անձին պաշտոնապես նախազգուշացնելը, ումից սպասվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնության վտանգ կամ այլ հանցանքի կատարում.

2) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը.

3) պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը.

4) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը.

5) վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելը և հեռախոսային ու այլ հաղորդումները գաղտնալսելը.

6) պաշտպանվող անձի` քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը.

7) կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ այնպիսի խափանման միջոց ընտրելը, որը կբացառի նրանց կողմից պաշտպանվող անձի հանդեպ բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը.

8) պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելը.

9) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ արտաքինը փոխելը.

10) պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը փոփոխելը.

11) դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնելը կամ դռնփակ դատական քննություն անցկացնելը.

12) դատարանում պաշտպանվող անձին հարցաքննելը` առանց նրա ինքնության մասին տեղեկությունների հրապարակման:

Անհրաժեշտության դեպքում կարող են իրականացվել մեկից ավելի պաշտպանության միջոցներ:

Պաշտպանության միջոցների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններով պաշտպանության ենթակա անձի պաշտպանությունը կարող է իրականացվել նաև օտարերկրյա պետության տարածքում։

(981   -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

Հոդված 982.

 Քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականության մասին նախազգուշացնելը

 

Պաշտպանվող անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգի մասին վկայող փաստերի առկայության դեպքում, որոնք բավարար չեն այն անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար, որից սպասվում է բռնության կամ այլ հանցանքի կատարման վտանգ, քրեական վարույթն իրականացնող մարմինը նրան պաշտոնապես նախազգուշացնում է քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականության մասին: Նախազգուշացումը կատարվում է անձից ստորագրություն վերցնելով:

(982 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 

Հոդված 983.

Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը

 

Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանությունն իրականացվում է`

1) քրեական գործի նյութերում և այլ փաստաթղթերում կամ տեղեկություններ պարունակող կրիչներում, ինչպես նաև քննչական գործողությունների կամ դատական նիստերի արձանագրություններում անձի մասին տեղեկությունների սահմանափակումով՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական գործում առկա արձանագրային տվյալներում պաշտպանվող անձի ազգանունը, անունը, հայրանունը կեղծանուններով փոխարինելու միջոցով:

Տեղեկությունները սահմանափակելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը և դրան առնչվող նյութերն առանձնացվում են քրեական գործի մյուս նյութերից և պահվում վարույթն իրականացնող մարմնի մոտ:

Հիմնական վարույթից առանձնացված որոշմանը և դրան առնչվող նյութերին ծանոթանալը մատչելի է միայն դատարանին և քրեական հետապնդումն իրականացնող մարմնին, իսկ դատավարության մյուս մասնակիցները դրան կարող են ծանոթանալ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, եթե դա անհրաժեշտ է կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանությունն իրականացնելու կամ քրեական գործի քննության համար էական նշանակություն ունեցող որևէ հանգամանք պարզելու համար.

2) պաշտպանվող անձի մասին տեղեկություններ տրամադրելու վրա ժամանակավոր արգելք դնելով:

(983 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 


Հոդված 984 . Անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը

 

1. Քրեական վարույթն իրականացնող մարմինը, համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ, իրականացնում է պաշտպանվող անձի անձնական պահպանությունը, նրա բնակարանի կամ այլ գույքի պահպանությունը:

2. Պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը սարքավորվում են հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով, փոխվում են նրա բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի (միջոցների) պետական համարանիշերը:

(984 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 


Հոդված 985 . Անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը

 

Պաշտպանվող անձի անձնական անվտանգության ապահովման համար օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրամադրվում են անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաև նրան հայտնվում է սպասվող վտանգի մասին:

(985 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 


Հոդված 986 . Վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելը և հեռախոսային կամ այլ հաղորդումները գաղտնալսելը

 

Քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանվող անձի գրավոր դիմումի հիման վրա կամ նրա գրավոր համաձայնությամբ և սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնում է նրա հեռախոսային կամ այլ խոսակցությունների գաղտնալսում: Խոսակցությունների գաղտնալսման ընթացքում կարող է կիրառվել ձայնագրառում:

(986 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 

Հոդված 987 .  Պաշտպանվող անձի` քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը

 

Քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու համար անհրաժեշտության դեպքում պաշտպանվող անձի փոխադրման անվտանգությունն ապահովում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

(987 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 


Հոդված 988 . Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելը

 

Քրեական վարույթն իրականացնող մարմինը օրենքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ընտրում է խափանման այնպիսի միջոց, որը կբացառի բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը, ինչի մասին կայացվում է պատճառաբանված որոշում: Որոշման մասին տեղեկացվում է նաև պաշտպանվող անձը:

(988 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 


Հոդված 989 .

Բնակության այլ վայր փոխադրելը

 

1. Պաշտպանվող անձը ժամանակավոր կամ մշտապես փոխադրվում է բնակության այլ վայր:

2. Բնակության այլ վայր փոխադրելն իրականացվում է պաշտպանվող անձի գրավոր համաձայնությամբ, եթե առկա է այնպիսի իրադրություն, երբ պաշտպանվող անձի անձնական անվտանգությունը չի կարող ապահովվել այլ միջոցներով:

(989 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 


Հոդված 9810 .


Ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ պաշտպանվող անձի արտաքինը փոխելը

 

1. Անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինվել պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև կարող է փոխվել նրա արտաքինը:

2. Փաստաթղթերի փոխարինումը, արտաքինը փոխելը, այդ թվում՝ պլաստիկ վիրահատությունը, իրականացվում են պաշտպանվող անձի գրավոր համաձայնությամբ, եթե առկա է այնպիսի իրադրություն, երբ պաշտպանվող անձի անձնական անվտանգությունը չի կարող ապահովվել այլ միջոցներով:

(9810 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 


Հոդված 98 11 .


Աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը փոփոխելը

 

1. Եթե պաշտպանվող անձին ուղղված վտանգի վերացման համար պահանջվում է, որ նա թողնի նախկին աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը, ապա քրեական վարույթ իրականացնող մարմինն այդ անձի միջնորդությամբ կամ համաձայնությամբ օգնում է տեղավորվել նոր աշխատանքի կամ ուսման վայր:

2. Պաշտպանվող անձի հարկադիր պարապուրդի ժամկետը հաշվակցվում է որպես աշխատանքային ստաժ, և այդ ժամկետի համար վճարվում է փոխհատուցում, որը չի կարող նախկին աշխատանքի կամ ծառայության համար տրված աշխատավարձից ցածր լինել: Նոր աշխատանքի կամ ծառայության վայրում ցածր աշխատավարձի դեպքում աշխատավարձերի տարբերությունը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Պաշտպանվող անձին ուսման այլ վայր տեղավորելիս պետք է հաշվի առնվեն նրա նախկին ուսման վայրում առկա պայմանները:

(9811 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 


Հոդված 9812.


Դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնելը կամ դռնփակ դատական քննություն անցկացնելը

 

1. Պաշտպանվող անձի անվտանգության շահերից ելնելով՝ դատական նիստի նախագահողն իրավասու է առանձին անձանց հեռացնելու դատական նիստերի դահլիճից:

2. Պաշտպանվող անձի անվտանգությունն ապահովելու համար դատական նիստի նախագահողն անցկացնում է դռնփակ դատական քննություն, ինչի մասին կայացվում է պատճառաբանված որոշում:

(9812 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 


Հոդված 9813.


Պաշտպանվող անձի հարցաքննությունը դատարանի կողմից

 

1. Դատարանի կողմից պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց նրա ինքնության մասին տվյալների հրապարակման, կարող է կատարվել կեղծանվան օգտագործմամբ: Պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել դատական նիստերի դահլիճից ամբաստանյալի և պաշտպանության կողմի ներկայացուցչին հեռացնելուց հետո:

2. Անհրաժեշտության դեպքում պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել այնպիսի պայմաններում, որոնք բացառում են անձի ինքնության ճանաչումը: Այդ նպատակով կարող են օգտագործվել դիմակ, շպար, պաշտպանվող անձի ձայնը փոփոխող սարք և օրենքին չհակասող պաշտպանության այլ միջոցներ:

3. Պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց դատավարության մյուս մասնակիցների ակներև տեսանելիության, կարող է կատարվել տեսաձայնային և տեխնիկական այլ միջոցների (շղարշ, պաշտպանիչ էկրան, թաղանթ) օգնությամբ՝ դատավարության սահմանափակ շրջանակով մասնակիցների մասնակցությամբ՝ գաղտնիության պահպանման մասին նախազգուշացումով:

4. Բացառիկ դեպքերում դատարանը կարող է պաշտպանվող անձին ազատել դատական նիստին մասնակցելու պարտականությունից՝ նրա կողմից նախկինում տրված ցուցմունքի գրավոր հաստատման առկայության դեպքում:

5. Անհրաժեշտության դեպքում դատական նիստի նախագահողը կարող է դատաքննության ընթացքում արգելել տեսաձայնային և այլ միջոցներով հարցաքննության տեսաձայնագրառումը:

(9813 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.