ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 189.

Կեղծ ձեռնարկատիրությունը

1. Կեղծ ձեռնարկատիրությունը՝ առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություն ստեղծելը, որի նպատակը վարկեր ստանալը, հարկերից խուսափելը, գերավճարներ առաջացնելը, նյութական այլ օգուտներ քաղելը կամ արգելված այնպիսի գործունեություն թաքցնելն է, որը խոշոր վնաս է պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը, որը խոշոր վնաս է պատճառել`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որի հետևանքով առանձնապես խոշոր վնաս է պատճառվել`

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին մասում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Սույն հոդվածի երկրորդ մասում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Սույն հոդվածի երրորդ մասում առանձնապես խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

5. Սույն օրենսգրքի 188-րդ, 189-րդ, 193-րդ, 194-րդ և 205-րդ հոդվածներով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:

(189-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ., լրաց. 15.06.06 ՀՕ-145-Ն, խմբ., փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն, խմբ. 23.06.11 ՀՕ-214-Ն, փոփ. 05.02.13 ՀՕ-3-Ն)

Հոդված 189.1. Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը

1. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը՝

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները`

1) որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է խոշոր չափերով գումար կամ գույք,

2) որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս,

3) որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները`

1) որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք,

2) որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս,

3) որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

4. Սույն հոդվածի իմաստով՝ ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության), որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքը իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության:

5. Սույն հոդվածում խոշոր չափ և խոշոր գույքային վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ և առանձնապես խոշոր գույքային վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը:

6. Սույն հոդվածում գույքային վնասի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բուրգում ներգրավված բոլոր անձանց, այդ թվում՝ կազմակերպություններին, ինչպես նաև պետությանը պատճառված միասնական վնասը:

7. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծող, կազմակերպող կամ ղեկավարող անձը ազատվում է սույն հոդվածով սահմանված քրեական պատասխանատվությունից, եթե այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին, նպաստել է ֆինանսական բուրգի գործունեության խափանմանը և հատուցել է ֆինանսական բուրգի՝ իր կողմից ստեղծված, կազմակերպված կամ ղեկավարվող մասի գործունեության հետևանքով պատճառված վնասները, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

(189.1-ին հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-216-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.