ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 190.

Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)

(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-114-Ն)

 

1. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելիությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) խոշոր չափերով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

5. Սույն հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է համարվում սույն օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքը, որն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է սույն օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում:

(190-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-16-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ. 28.11.06 ՀՕ-206-Ն, փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-84-Ն, փոփ., խմբ. 21.06.14 ՀՕ-114-Ն)

Հոդված 190.1. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը

 

1. Ինսայդերի կողմից դիտավորությամբ ներքին տեղեկությունների հիման վրա իր կամ այլ անձի հաշվին արժեթուղթ կամ դրա հետ կապված ածանցյալ գործիք գնելը կամ վաճառելը կամ ներքին տեղեկությունների ապօրինի տրամադրումը երրորդ անձանց, որի արդյունքում ստացել է զգալի չափով շահույթ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը`

1) որի արդյունքում ստացել է խոշոր չափի շահույթ,

2) որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ չորսից յոթ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը`

1) որի արդյունքում ստացել է առանձնապես խոշոր չափի շահույթ,

2) որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից,

3) որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 190.2-րդ հոդվածում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 190.2-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 190.2-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի քառասունհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

(190.1-ին հոդվածը լրաց. 06.12.16 ՀՕ-212-Ն)

 

Հոդված 190.2. Գնային չարաշահումը

 

1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4 կետերով նախատեսված արարքներից որևէ մեկի կատարումը, որը առաջացրել է զգալի չափով վնաս`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) առաջացրել է խոշոր չափի վնաս,

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ հինգից յոթ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) առաջացրել է առանձնապես խոշոր չափի վնաս,

2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,

3) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(190.2-րդ հոդվածը լրաց. 06.12.16 ՀՕ-212-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.