ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 199.

Առևտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ապօրինի հավաքելը կամ հրապարակելը

(վերնագիրը լրաց. 09.04.07 ՀՕ-180-Ն)

 

1. Փաստաթղթեր հափշտակելու, առևտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք իմացող անձանց, նրանց մերձավորին կաշառելու կամ սպառնալիքի, կապի միջոցներ որսալու, համակարգչային կամ ծրագրային համակարգ կամ ցանց ապօրինի թափանցելու, հատուկ տեխնիկական միջոցներ օգտագործելու ճանապարհով, ինչպես նաև այլ ապօրինի եղանակներով հրապարակելու կամ օգտագործելու նպատակով առևտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հավաքելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Առևտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիքն առանց դրա տիրապետողի համաձայնության ապօրինի հրապարակելը կամ օգտագործելն այն անձի կողմից, ում այդ գաղտնիքը հայտնի է մասնագիտական կամ ծառայողական գործունեության հետ կապված, որը կատարվել է շահադիտական կամ այլ անձնական դրդումներով և խոշոր վնաս է պատճառել առևտրային, ապահովագրական կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

(199-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-180-Ն)

 

Հոդված 199.1. Վարկային պատմություն և վարկային տեղեկատվություն ապօրինի ստանալը, օգտագործելը կամ հրապարակելը

 

1. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային պատմություն ապօրինի ստանալը, վարկային բյուրոյի տվյալների բազա ապօրինի թափանցելը կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի օգտագործելը կամ հրապարակելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության այդ տեղեկատվությունն ապօրինի հրապարակելը կամ օգտագործելն այն անձի կողմից, ում այդ գաղտնիքը հայտնի է մասնագիտական կամ ծառայողական գործունեության հետ կապված, որը կատարվել է շահադիտական կամ այլ անձնական դրդումներով, և եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

(199.1-ին հոդվածը լրաց. 22.10.08 ՀՕ-195-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.