ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 200.

Առևտրային կաշառքը

1. Առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողին, արբիտրին, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող արբիտրին, աուդիտորին կամ փաստաբանին կաշառք տալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց անձամբ կամ միջնորդի միջոցով նրանց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

3. Առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի, արբիտրի, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող արբիտրի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է շորթմամբ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

5. Սույն գլխի հոդվածներում առևտրային կամ այլ կազմակերպության ծառայող է համարվում այն անձը, ով մշտապես, ժամանակավորապես կամ հատուկ լիազորությամբ իրականացնում է կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ կամ զբաղեցնում է ցանկացած այլ պաշտոն առևտրային կազմակերպություններում՝ անկախ սեփականության ձևից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնարկներ չհամարվող ոչ առևտրային կազմակերպություններում:

Առևտրային կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

(200-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-119-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ., լրաց. 05.12.06 ՀՕ-256-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-59-Ն, փոփ., լրաց., խմբ. 09.02.12 ՀՕ-18-Ն, խմբ. 16.05.14 ՀՕ-14-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.