ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Բ Ա Ժ Ի Ն 9

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ 23

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 217.

Ահաբեկչությունը

1. Ահաբեկչությունը` այնպիսի գործողությունը, որն ուղղված է քաղաքացիական անձի կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձի մահվանը կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն կամ դրանց սպառնալիքին այն դեպքում, երբ այդպիսի գործողության նպատակն իր բնույթով կամ էությամբ բնակչությանն ահաբեկելը կամ պետական մարմնի կամ միջազգային կազմակերպության կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման կամ գործողության կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու վրա ներգործելն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ահաբեկչություն համարվող ցանկացած այլ գործողությունը, բացառությամբ սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված արարքների՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

2) (կետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-114-Ն)

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝

1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,

2) (կետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-114-Ն)

3) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. Ահաբեկչության նախապատրաստությանը մասնակցած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին ժամանակին հայտնելով կամ այլ միջոցներով, նպաստել է ահաբեկչության խափանմանը, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

(217-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-114-Ն)

 

Հոդված 2171.

Ահաբեկչության ֆինանսավորումը

 

1. Ահաբեկչության ֆինանսավորումը` գույքի ուղղակի կամ անուղղակի, ցանկացած եղանակով տրամադրումը կամ հավաքագրումը՝ գիտակցելով, որ այն ամբողջությամբ կամ մասամբ պետք է օգտագործվի կամ կարող է օգտագործվել ահաբեկչության կամ սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար կամ ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից կամ ֆինանսական ծառայությունների մատուցումը՝ գիտակցելով, որ այդ ծառայություններն ուղղված են ահաբեկչության կամ սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարմանը, կամ դրանց արդյունքներն օգտագործվելու են ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի իմաստով գույք է համարվում սույն օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքը:

(2171-ին հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-16-Ն, խմբ. 28.11.06 ՀՕ-206-Ն, 26.05.08 ՀՕ-81-Ն, 21.06.14 ՀՕ-114-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.