ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 308.

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը

1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն գլխում պաշտոնատար անձինք են՝

1) մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք.

2) պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում և զինվորական միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք:

4. Սույն օրենսգրքի 311-րդ, 311.2-րդ, 312-րդ, 312.2-րդ և 313-րդ հոդվածներով նախատեսված պաշտոնատար անձինք են նաև՝

1) օտարերկրյա պետության՝ տվյալ պետության ներպետական իրավունքին համապատասխան` պետական պաշտոնյայի գործառույթներ իրականացնող անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետության օրենսդիր մարմնի կամ վարչական լիազորություններ իրականացնող որևէ ներկայացուցչական մարմնի անդամները.

2) միջազգային կամ վերազգային հանրային կազմակերպության կամ մարմնի պաշտոնյաները կամ այդ կազմակերպության կամ մարմնի կանոնակարգերով նախատեսված դեպքերում պայմանագրերով աշխատողները կամ այլ անձինք, որոնք կատարում են նման պաշտոնյաների կամ աշխատողների կողմից իրականացվող գործառույթներին համապատասխանող գործառույթներ.

3) միջազգային կամ վերազգային կազմակերպության, խորհրդարանական վեհաժողովի կամ նման գործառույթ իրականացնող այլ մարմնի անդամները.

4) միջազգային դատարանի, որի իրավասությունն ընդունել է Հայաստանի Հանրապետությունը, դատական գործառույթներ իրականացնող անդամները կամ պաշտոնյաները.

5) օտարերկրյա պետությունների դատարանների երդվյալ ատենակալները։

(308-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-119-Ն, փոփ. 28.11.06 ՀՕ-206-Ն, 09.02.12 ՀՕ-18-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.