ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 327.

Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը

(վերնագիրը լրաց. 16.12.05 ՀՕ-34-Ն)

 

1. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով,

2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝

պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

(327-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.05 ՀՕ-34-Ն)

Հոդված 3271.

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև ծառայության վայրից արձակվելիս, նշանակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության վայր չներկայանալը երեք oրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկից երեք oր տևողությամբ`

պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց այլընտրանքային աշխատանքային ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով`

պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած այլընտրանքային աշխատանքային ծառայողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք oրվա ընթացքում մեղայականով ներկայացել է ծառայության վայր, իրավապահ կամ պետական իրավասու մարմիններ:

(3271-ին հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-59-Ն)

 

Հոդված 3272.

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը

 

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում են ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ`

պատժվում են ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած այլընտրանքային աշխատանքային ծառայողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք oրվա ընթացքում մեղայականով ներկայացել է ծառայության վայր, իրավապահ կամ պետական իրավասու մարմիններ:

(3272-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-59-Ն)

 

Հոդված 3273.

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից անդամախեղվելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը

 

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից իրեն որևէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր oգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապoրինի այլ եղանակով ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է այլընտրանքային աշխատանքային ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ`

պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

(3273-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-59-Ն)

 

Հոդված 3274.

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը

 

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ`

պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

(3274-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-59-Ն)

 

Հոդված 3275 . Ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը

 

1. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձի կողմից պատժից ազատվելու պահից Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված ժամկետում առանց հարգելի պատճառների` պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու նպատակով հաշվառման կամ փաստացի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը` զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակվելու` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

(3275-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-275-Ն)

Հոդված 327.6. Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը

 

1. Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք սահմանված կարգի խախտմամբ մուտք գործելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`

պատժվում է կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,

3) անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝

պատժվում է ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով:

(327.6-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-34-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.