ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 329.

Պետական սահմանն ապօրինի հատելը

1. Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված ապաստանի իրավունքից օգտվելու համար օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն:

(329-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 21.06.14 ՀՕ-84-Ն)

Հոդված 329.1.

Անօրինական միգրացիայի կազմակերպումը

1. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Հայաստանի Հանրապետություն մուտքը, Հայաստանի Հանրապետությունում գտնվելը կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցումը (տեղափոխումը) շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է մուտքի, գտնվելու կամ տարանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ մուտքի, գտնվելու կամ տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունից ելքը, օտարերկրյա պետություն մուտքը կամ օտարերկրյա պետությունում գտնվելը շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է ելքի, մուտքի կամ գտնվելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ ելքի, մուտքի կամ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում,

4) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

(329.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-84-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.