ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 358.

Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը

(վերնագիրը խմբ. 30.04.13 ՀՕ-34-Ն)

 

1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից,

2) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,

3) առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ պատճառել են առողջությանը ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:

(358-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-275-Ն, խմբ. 30.04.13 ՀՕ-34-Ն)

Հոդված 358.1. Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը

1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) մի խումբ անձանց կողմից,

2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

3) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,

4) առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով`

պատժվում են ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ պատճառել են առողջությանը ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում են ազատազրկմամբ` ութից տասներեք տարի ժամկետով:

(358.1-ին հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-34-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.