ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 364.

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը

1. Զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

(364-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-275-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-34-Ն)

Հոդված 364.1. Զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը

1. Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղերի մասնակցելը` իր կամ այլ անձի համար գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալու նպատակով`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված մոլեխաղեր կազմակերպելը`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք գույքային էական վնաս են պատճառել`

պատժվում են ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

(364.1-ին հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-34-Ն)

Հոդված 364.2. Զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը

1. Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մինչև մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` երկուսից երեք տարի ժամկետով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մինչև երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

3. Այն զինծառայողը, որն առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է բժշկական ծառայություն, ազատվում է սույն հոդվածով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվությունից:

(364.2-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-34-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.