ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 368.

Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը

1. Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահակախմբից և պարեկախմբից) ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ներքին ծառայության կանոնագրքային կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

(368-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.11.07 ՀՕ-275-Ն, լրաց., փոփ. 30.04.13 ՀՕ-34-Ն)

Հոդված 368.1. Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը

1. Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգություն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը հասարակական կարգի պահպանության կամ հասարակական անվտանգության ապահովման վերակարգի մեջ մտնող զինծառայողի կողմից, եթե այդ արարքն էական վնաս է պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին`

պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են արտակարգ դրության, ռազմական դրության պայմաններում կամ պատերազմի ժամանակ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

(368.1-ին հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-34-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.