ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 390.

Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ

1. Զինված ընդհարումների ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող կամ պաշտպանության միջոցներից զրկված անձանց, վիրավորների, հիվանդների, բժշկական կամ հոգևոր անձնակազմի, սանիտարական զորամասերի կամ սանիտարական տրանսպորտային միջոցների, ռազմագերիների, քաղաքացիական անձանց, քաղաքացիական բնակչության, փախստականների, հովանավորվող անձանց կամ ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանությունից օգտվող այլ անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող հետևյալ արարքները կատարելը՝

1) սպանությունը,

2) խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը, ներառյալ՝ կենսաբանական փորձերը,

3) դիտավորությամբ լուրջ տառապանք պատճառելը կամ անձի ֆիզիկական կամ հոգեկան վիճակին սպառնացող այլ գործողություններ կատարելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

2. Զինված ընդհարումների ժամանակ սույն հոդվածի առաջին մասում թվարկված անձանց կամ օբյեկտների նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող հետևյալ արարքները կատարելը՝

1) առողջությանը վնաս պատճառելը,

2) հովանավորվող անձին կամ ռազմագերուն հակառակորդ տերության զինված ուժերում ծառայելուն հարկադրելը,

3) հովանավորվող անձին կամ ռազմագերուն անաչառ և պատշաճ դատավարության իրավունքից զրկելը,

4) հովանավորվող անձի անօրինական բռնագաղթը, տեղափոխելը և կալանավորումը կամ այլ ձևով ազատությունից զրկելը,

5) պատանդ վերցնելը,

6) գույքն անօրինական, կամայական, մեծ չափերով ոչնչացնելը կամ յուրացնելը, որը պայմանավորված չէ ռազմական անհրաժեշտությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով:

3. Զինված ընդհարումների ժամանակ անձի ֆիզիկական կամ հոգեկան վիճակին լուրջ վնաս պատճառած կամ մարդու մահ առաջացրած միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող հետևյալ արարքները՝

1) քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը,

2) ոչ ընտրովի բնույթի հարձակումը, որը վնասում է քաղաքացիական բնակչությանը կամ քաղաքացիական օբյեկտներին, եթե ակնհայտ է, որ նման հարձակումը կհանգեցնի չափազանց մեծ կորուստների քաղաքացիական անձանց շրջանում կամ չափազանց մեծ վնաս կպատճառի քաղաքացիական օբյեկտներին, եթե այդպիսի վնասներ պատճառելը չափազանց է՝ կոնկրետ և անմիջական ռազմական գերազանցության հասնելու համար,

3) վտանգավոր ուժեր պարունակող կառույցների և սարքավորումների վրա հարձակվելը, եթե ակնհայտ է, որ այդպիսի հարձակումը կհանգեցնի չափազանց մեծ կորուստների քաղաքացիական անձանց շրջանում կամ չափազանց մեծ վնաս կպատճառի քաղաքացիական օբյեկտներին, եթե այդպիսի վնասներ պատճառելը չափազանց է՝ կոնկրետ և անմիջական ռազմական գերազանցության հասնելու համար,

4) չպաշտպանվող տարածքները և ապառազմականացված գոտիները հարձակման օբյեկտ դարձնելը,

5) հարձակումն այն անձի վրա, ով հանցավորի համար ակնհայտ, դադարեցրել է անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին՝

պատժվում են ազատազրկմամբ՝ տասներեքից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

4. Զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող հետևյալ արարքները՝

1) բռնազավթող պետության կողմից իր սեփական քաղաքացիական բնակչության մի մասի վերաբնակեցումը բռնազավթված տարածքում, կամ բռնազավթած տարածքի ամբողջ բնակչության կամ դրա մի մասի տեղահանումը կամ տեղափոխումը բռնազավթված տարածքի սահմաններում կամ դրանից դուրս,

2) ռազմագերիների կամ քաղաքացիական անձանց հայրենադարձության չարդարացված ձգձգումը,

3) ապարտեիդի կամ ռասայական խտրականության վրա հիմնված, անձի արժանապատվությունը ստորացնող, ոչ մարդասիրական և նվաստացնող այլ գործողությունների պրակտիկայի կիրառումը,

4) հատուկ պաշտպանության տակ գտնվող, հստակ տարորոշված, ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը հարձակման օբյեկտ դարձնելը և հարձակման հետևանքով դրանց մեծ վնաս պատճառելը, եթե դրանք չեն գտնվում ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ, և եթե տվյալներ չկան այդ պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը հակառակորդի կողմից ռազմական գործողություններին նպաստելու համար օգտագործելու մասին՝

պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

5. Զինված ընդհարումների ժամանակ հակառակորդի իշխանության տակ գտնվող, կալանավորված կամ այլ ձևով ազատությունից զրկված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտում համարվող և նրանց առողջությանը, ֆիզիկական կամ հոգեկան վիճակին սպառնացող բժշկական միջամտությունը, որը պայմանավորված չէ նշված անձանց առողջական վիճակով և չի համապատասխանում համընդհանուր ճանաչում ստացած բժշկական նորմերին, մասնավորապես, նույնիսկ նշված անձանց համաձայնությամբ նրանց ֆիզիկական խեղում պատճառելը, նրանց նկատմամբ բժշկական կամ գիտական փորձեր իրականացնելը, մարմնի մասեր կամ հյուսվածքներ հեռացնելը կամ փոխպատվաստման վիրահատություն կատարելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

6. Զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված այլ խախտումները՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

(390-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.