ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 51.

Տուգանքը

1. Տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում՝ պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) երեսնապատիկից երեքհազարապատիկի չափով։

2. Տուգանքի չափը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունը և դատապարտվողի գույքային դրությունը։

3. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում, կամ տուգանքը փոխարինում է հանրային աշխատանքներով։ Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու դեպքում սահմանվում է տուգանքի վճարման ժամանակացույց, և որոշվում է յուրաքանչյուր անգամ վճարման ենթակա գումարի չափը։ Նշված արտոնությունը դատարանի որոշմամբ ուժը կորցնում է, եթե դատապարտյալը խախտում է տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը։ Դատապարտյալի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով` սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:

4. Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին:

5. Տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը`

1) դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում, տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել լիազոր մարմին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի.

2) խախտել է տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու կարգն ու պայմանները:

(51-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն, լրաց., փոփ., խմբ. 01.03.17 ՀՕ-59-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.