ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Գ Լ ՈՒ Խ  12

ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 76.

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը

1. Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ՝ անկախ հանձնաժողով) եզրակացության կամ կարգապահական գումարտակի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ՝

1) պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և

2) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալը չի ազատվում իր նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժից:

1.1. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.

2) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը.

3) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.

4) պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով.

5) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:

1.2. Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.

2) հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը.

3) ռեցիդիվի առկայությունը.

4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.

5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը.

6) նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.

7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.

8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.

9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.

10) սոցիալական միջավայրը.

11) առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը.

12) դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:

2. Պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանն անձի վրա կարող է դնել սույն օրենսգրքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված պարտականությունները, որոնք անձը պետք է կատարի պատժի չկրած մասի ընթացքում: Եթե դատապարտյալը դեռևս չի հատուցել կամ այլ կերպ հարթել տուժողին պատճառված իրական վնասը, ապա դատարանը դատապարտյալի վրա նման պարտականություն է դնում:

3. Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝

1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը.

3) առանձնապես ծանր հանցագործության, բացառությամբ սույն մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների համար, ինչպես նաև նախկինում պայմանական վաղաժամկետ ազատված անձի (եթե պայմանական վաղաժամկետ ազատումը վերացվել է սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված հիմքերով) նկատմամբ նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը.

4) սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասով, 132-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերով, 132.2-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերով, 138-րդ հոդվածի երրորդ մասով, 139-րդ հոդվածի երրորդ մասով, 175-րդ հոդվածի երրորդ մասով, 217-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 218-րդ հոդվածի երրորդ մասով, 221-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 222-րդ հոդվածի առաջին մասով, 266-րդ հոդվածի երրորդ մասով, 269-րդ հոդվածի երրորդ մասով, 299-րդ հոդվածի առաջին մասով, 305-րդ հոդվածով, 384-րդ հոդվածի երկրորդ մասով, 387-րդ հոդվածի երկրորդ մասով, 388-րդ հոդվածի երկրորդ մասով, 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի առաջին և երրորդ մասերով, 391-րդ հոդվածի երրորդ մասով, 392-րդ, 393-րդ և 394-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երեք քառորդը.

5) ցմահ ազատազրկման դեպքում՝ ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:

4. Ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի փաստացի կրած ժամկետը չի կարող երեք ամսից պակաս լինել:

5. (մասն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-62-Ն)

5.1.

5.2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանը սահմանում է փորձաշրջան՝ պատժի չկրած մասի չափով, որի ընթացքում անձը գտնվում է իրավասու մարմնի վերահսկողության ներքո:

5.3. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանը սահմանում է փորձաշրջան՝ տասը տարի ժամկետով:

6. Եթե փորձաշրջանի ընթացքում դատապարտյալը՝

1) չարամտորեն խուսափում է պայմանական վաղաժամկետ ազատելիս դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց, ապա դատարանը, դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ, որոշում է կայացնում պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին.

2) կատարում է անզգույշ հանցանք, ապա պայմանական վաղաժամկետ ազատումը պահպանելու կամ վերացնելու հարցը լուծում է դատարանը.

3) կատարում է դիտավորյալ հանցանք, ապա դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Նույն կանոններով պատիժ է նշանակվում, եթե կատարվել է անզգույշ հանցանք, և դատարանը վերացնում է պայմանական վաղաժամկետ ազատումը:

7. Եթե ցմահ ազատազրկում կրող անձը դիտավորյալ այնպիսի նոր հանցանք է կատարել, որի համար նշանակվում է ազատազրկում, ապա սույն հոդվածի երրորդ մասի 5-րդ կետում նշված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև նոր պատժի ժամկետը լրանալը:

(76-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-26-Ն, փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 16.12.05 ՀՕ-33-Ն, 25.05.06 ՀՕ-68-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն, 28.11.07 ՀՕ-275-Ն, լրաց. 01.03.11 ՀՕ-69-Ն, խմբ., լրաց., փոփ. 01.03.17 ՀՕ-62-Ն)

(76-րդ հոդվածի 5.1-ին կետը 01.03.17 ՀՕ-62-Ն օրենքի 1-ին հոդվածի  7-րդ կետի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2018 թվականին:)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.