ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 84.

Դատվածությունը

1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:

2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում և պատիժ նշանակելիս:

3. Դատվածություն չունեցող են համարվում այն անձինք, ովքեր դատարանի դատավճռով դատապարտվել են առանց պատիժ նշանակելու կամ դատարանի դատավճռով ազատվել են պատիժը կրելուց կամ պատիժը կրել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունն ու պատժելիությունը վերացված են օրենքով:

4. Դատվածությունը մարվում է՝

1) պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ փորձաշրջանն անցնելուց հետո.

2) ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված անձանց նկատմամբ՝ նշանակված պատիժը կրելուց մեկ տարի անցնելուց հետո.

3) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց երեք տարի անցնելուց հետո.

4) ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց հինգ տարի անցնելուց հետո.

5) առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց ութ տարի անցնելուց հետո:

5. Եթե անձն օրենքով սահմանված կարգով պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց, կամ պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժով, ապա դատվածությունը մարելու ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը և լրացուցիչ պատիժը կրելուց ազատելու պահից:

6. Եթե անձը պատիժը կրելուց հետո դրսևորել է անբասիր վարքագիծ, ապա նրա խնդրանքով դատարանը կարող է դատվածությունը հանել մինչև դատվածությունը մարելու ժամկետը լրանալը, բայց ոչ շուտ, քան այդ ժամկետի կեսը լրանալը:

7. Եթե անձը մինչև դատվածությունը մարվելը նոր հանցանք է կատարում, ապա դատվածության մարման ժամկետն ընդհատվում է: Առաջին հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը հաշվարկվում է վերստին՝ վերջին հանցագործության համար պատիժը (հիմնական և լրացուցիչ) փաստորեն կրելուց հետո: Այդ դեպքում անձը երկու հանցագործությունների համար էլ դատված է համարվում մինչև դրանցից առավել ծանր հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը լրանալը:

8. Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: Սույն նորմն արգելք չէ օրենքով սահմանափակումներ նախատեսելու՝ դատավորի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, ոստիկանության ծառայողի, քրեակատարողական ծառայողի, ազգային անվտանգության մարմիններում ծառայողի պաշտոններ զբաղեցնելու համար:

(84-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, լրաց. 22.02.07 ՀՕ-127-Ն, 28.11.07 ՀՕ-256-Ն, 19.05.14 ՀՕ-33-Ն)

(84-րդ հոդվածը 17.05.16 ՀՕ-49-Ն օրենքի 3-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2018 թ.)

(84-րդ հոդվածը 09.06.17 ՀՕ-102-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 10.04.2018 թ.)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.