ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Գ Լ ՈՒ Խ 16

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 104. Մաքսատուրքի, հարկերի վճարումն ապահովելու ընդհանուր պայմանները

 

1. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքին, Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին, ինչպես նաև սույն գլխին համապատասխան:

2. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումն իրականացվում է՝

1) Միության մաքսային օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ կետով և 88-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով ու պայմաններով ապրանքների բաց թողնման դեպքում.

2) սույն օրենքի 63-րդ հոդվածի համաձայն, անկախ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ճշգրտելու հանգամանքից, ապրանքների բաց թողնման դեպքում.

3) Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և սույն օրենքի համաձայն՝ ապրանքների պայմանական բաց թողնման դեպքում.

4) սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ անձանց կողմից մաքսային գործի ոլորտում գործունեության իրականացման ժամանակ.

5) սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

3. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը կարող է լինել միանգամյա կամ բազմակի օգտագործման համար նախատեսված:

4. Մաքսատուրքի, հարկերի վճարման միանգամյա ապահովումը ներկայացվում է մեկ առաքողի կողմից մեկ ստացողի անունով միևնույն արտաքին առևտրային պայմանագրի հիման վրա տեղափոխվող` մեկ խմբաքանակում գտնվող ապրանքների համար:

5. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման չափը որոշվում է Միության մաքսային օրենսգրքի համաձայն:

6. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման գումարի մեջ ներառվում են նաև մաքսային գործընթացների համար վճարվելիք մաքսավճարները:

7. Վերադաս մաքսային մարմինը կարող է առանձին ապրանքների համար սահմանել մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման գումարների չափեր:

8. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումն իրականացվում է սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքով նախատեսված անձանց կողմից, իսկ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի համաձայն ապրանքների տեղափոխման դեպքում կարող է իրականացվել տարանցվող ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք ունեցող այլ անձանց կողմից։

9. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը հավաստող փաստաթուղթը տրամադրվում է այն մաքսային մարմնին, որն իրականացնում է ապրանքների բաց թողնումը:

10. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը կարող է տրամադրվել մեկնման վայրի մաքսային մարմնին կամ նշանակման վայրի մաքսային մարմնին, եթե Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ որոշված չէ այլ մաքսային մարմին, որին կարող է տրամադրվել այդ ապահովումը։

11. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումն ընդունող մաքսային մարմինը տրամադրում է ապահովման ընդունումը հաստատելու վերաբերյալ անդորրագիր, որը փոխադարձաբար ճանաչում են Միության մաքսային մարմինները։ Մաքսային մարմինների կողմից անդորրագրի տրամադրման կարգը և դրա ձևը, ինչպես նաև գործողության ժամկետը սահմանվում են Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով։

12. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը մաքսային մարմինների կողմից չի ընդունվում Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերում:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը չընդունելու դեպքեր:

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.