ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 108. Բանկային երաշխիքը

 

1. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման նպատակով մաքսային մարմինները կարող են ընդունել բանկային երաշխիքներ, որոնք տրամադրում են բանկերի, վարկային կազմակերպությունների կամ ապահովագրական ընկերությունները:

2. Բանկային երաշխիքի տրամադրման, դրան ներկայացվող պահանջների, երաշխավորի պարտավորությունների և բանկային երաշխիքի դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով նախատեսված կարգավորումներից տարբերվող մասով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության բանկային օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:

3. Հայտարարատուն կամ նրա լիազորած անձը ապահովում է սույն օրենքի նպատակով տրամադրվող բանկային երաշխիքի անհետկանչելիությունը: Բանկային երաշխիքում պետք է նշվեն՝

1) մաքսատուրք, հարկեր վճարողի պարտավորությունները, որոնց պատշաճ կատարումն ապահովվում է բանկային երաշխիքով.

2) բանկային երաշխիքով երաշխավորված անձի պարտավորությունները չկատարվելու դեպքում մաքսային մարմնի կողմից երաշխավորողից երաշխավորված մաքսատուրքի, հարկերի գումարի դուրսգրման անվիճելի իրավունքը.

3) մաքսատուրքի, հարկերի վճարումը ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրացուցային օրվա համար չվճարված գումարի 0.15 տոկոսի չափով տույժ վճարելու՝ երաշխավորողի պարտավորությունը.

4) պայման՝ պետական գանձապետարանի հաշվին և (կամ) Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով որոշված հաշվին բանկային երաշխիքով երաշխավորողի պարտավորությունների կատարման համար դրամական միջոցների առկայության փաստը.

5) բանկային երաշխիքի գործողության ժամկետը.

6) բանկային գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի համարը:

4. Տրամադրված բանկային երաշխիքի գործողության ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը և պետք է բավարար լինի բանկային երաշխիքով ապահովված պարտավորությունները չկատարելու դեպքում մաքսային մարմնի կողմից երաշխավորողին բանկային երաշխիքի մասով պահանջ ներկայացնելու համար:

5. Բանկային երաշխիքը մաքսային մարմին ներկայացնելու պահին պետք է ուժի մեջ մտած լինի:

6. Մաքսատուրք, հարկեր վճարողը՝ բանկային երաշխիքի հետ ներկայացնում է բանկային երաշխիքը ստորագրած անձի համապատասխան իրավասությունները հաստատող փաստաթղթերի բնօրինակները կամ նոտարական վավերացմամբ պատճենները: Նշված փաստաթղթերը նախկինում մաքսային մարմին ներկայացված լինելու դեպքում դրանց ներկայացումը չի պահանջվում:

7. Մաքսային մարմինն ուսումնասիրում է բանկային երաշխիքն այն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այն ընդունելու կամ մերժելու նպատակով։

8. Բանկային երաշխիքն ընդունելու դեպքում մաքսային մարմինը մաքսատուրք, հարկեր վճարողին տրամադրում է վճարման անդորրագիր:

9. Բանկային երաշխիքի ընդունումը մերժվում է, եթե՝

1) բանկային երաշխիքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներին.

2) բանկային երաշխիքով ապահովվող մաքսատուրքի, հարկերի ընդհանուր գումարը չի բավարարում հայտարարատուի կողմից վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի գումարի վճարման համար.

3) բանկային երաշխիքի ժամկետը պակաս է հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի գծով պարտավորությունների կատարման ժամկետից.

4) բանկային երաշխիքը տրամադրած բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական կազմակերպության՝ օրենքով սահմանված` բանկային գործունեությամբ զբաղվելու լիցենզիան բացակայում է.

5) մերժման որոշումը կայացվել է օրենքով մաքսային մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների իրականացման շրջանակներում:

10. Բանկային երաշխիքի ընդունումը մերժելու դեպքում մաքսային մարմինը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում տեղեկացնում է դրա մասին բանկային երաշխիք տրամադրած անձին՝ նշելով մերժման համար հիմք համարվող պատճառները:

11. Բանկային երաշխիքը մաքսային մարմինը վերադարձնում է մաքսատուրք, հարկեր վճարողի գրավոր դիմումի հիման վրա, եթե կատարվել և (կամ) դադարեցվել են երաշխիքով ապահովված պարտավորությունները, կամ պարտավորություն չի առաջացել:

12. Բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական կազմակերպության ապահովագրական գործունեության իրավունքի լիցենզիայի գործողությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դադարեցվելու դեպքում այդ բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության բանկային երաշխիք ներկայացրած մաքսատուրք, հարկեր վճարողը պարտավոր է լիցենզիայի դադարեցման օրվանից մաքսային մարմին ներկայացնել մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովում` համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա ունեցող կազմակերպությունից: Սույն մասով սահմանված ժամկետում երաշխիք կամ մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման այլ միջոց չներկայացվելու դեպքում անձի կողմից մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետը չի կարող երկարաձգվել:

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.