ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 109. Երաշխավորությունը

 

1. Երաշխավորությունը ձևակերպվում է մաքսային մարմնի և երաշխավորի միջև կնքվող երաշխավորության պայմանագրով: Երաշխավորության տրամադրման, դրան ներկայացվող պահանջների, երաշխավորի պարտավորությունների և երաշխավորության պայմանագրի դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և սույն օրենքով:

2. Մաքսատուրք, հարկեր վճարելու ապահովումը երաշխավորության միջոցով իրականացնելու դեպքում երաշխավորը մաքսային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով իր ստորագրած և (կամ) կնքած երաշխավորության պայմանագրի երկու օրինակ և մաքսատուրք, հարկեր վճարողի գրավոր համաձայնությունը երաշխավորի կողմից մաքսատուրքի, հարկերի վճարման երաշխավորման վերաբերյալ:

3. Երաշխավորության պայմանագիրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափանիշներին և պետք է պարունակի երաշխավորությամբ ապահովված պարտավորության գումարը, մաքսատուրք, հարկեր վճարողի և երաշխավորի համապարտ պատասխանատվություն կրելու վերաբերյալ և երաշխավորության պայմանագրի գործողության ժամկետի վերաբերյալ նշումներ:

4. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը միևնույն երաշխավորության միջոցով չի կարող իրականացվել երկու տարին գերազանցող ժամանակահատվածով:

5. Երաշխավորության պայմանագիր կնքելու առաջարկն ուսումնասիրում է մաքսային մարմինը՝ մաքսային մարմին փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

6. Երաշխավորության պայմանագիր կնքելու դեպքում մաքսային մարմինը մաքսատուրք, հարկեր վճարողին է տրամադրում անդորրագիր` երաշխավորությամբ ապահովված պարտավորության գումարի չափով:

7. Երաշխավորության պայմանագրի ընդունումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված երաշխավորության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն օրենքով սահմանված չափանիշներին.

2) երաշխավորության պայմանագրով ապահովվող գումարը փոքր է վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարից.

3) երաշխավորության պայմանագրի ժամկետը կարճ է մաքսատուրքի, հարկերի գծով պարտավորությունների կատարման ժամկետից.

4) մերժման որոշումը կայացվել է օրենքով մաքսային մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների իրականացման շրջանակներում:

8. Երաշխավորության պայմանագրի կնքումը մերժելու դեպքում մաքսային մարմինը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում տեղեկացնում է դրա մասին երաշխավորության պայմանագիրն առաջարկած անձին՝ նշելով մերժման հիմքերը:

9. Մաքսային մարմինը չի կրում երաշխավորության պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը:

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.