ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 116. Երկաթուղային տրանսպորտի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը

 

1. Բեռնատար գնացքներով ինքնակամ երթևեկելը կամ մարդատար վագոնների ավտոմատացված դռների բացմանը, փակմանը խոչընդոտելը կամ վագոն նստելու և (կամ) վագոնից իջնելու ժամանակ այլ քաղաքացիների համար դիտավորյալ խոչընդոտ ստեղծելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Մետրոպոլիտենի գնացքների կամ երկաթուղային շարժակազմի ներքին սարքավորումները, ապակիները կամ նստատեղերը վնասելը, ինչպես նաև ներքին սարքավորումներից առանց անհրաժեշտության օգտվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

3. Գնացքների վագոնների պատուհաններից կամ դռներից աղբ կամ այլ առարկաներ դուրս նետելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

4. Ուղևորային կառամատույցի կողմից կամ երկաթուղային կայարաններում հատուկ առանձնացված կամ հարմարեցված տեղերից բացի, այլ տեղերից վագոն նստելը և (կամ) վագոնից իջնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

5. Առանց անհրաժեշտության (գնացքին, ուղևորներին և շրջապատին սպառնացող վտանգի բացակայության դեպքում) ինքնակամ կերպով վթարային կանգառ կատարելու համար նախատեսված բռնակի միջոցով գնացքը կանգնեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(116-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 14.06.94 ՀՕ-105, 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.04.09 ՀՕ-89-Ն, խմբ. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 116.1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հրապարակելը կամ լիազոր մարմնի հետ այդ տեղեկատվության համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը կամ ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակելը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հրապարակելը կամ լիազոր մարմնի հետ այդ տեղեկատվության համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը կամ ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(116.1 — րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 116.2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից առավել վտանգավոր գոտիներում քաղաքացիների գտնվելու ժամանակ նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը կանխելու միջոցառումներ չիրականացնելը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից`

1) առավել վտանգավոր գոտիներում համապատասխան լուսային, ձայնային ազդանշանների, նշանների, ցուցիչների, տեխնիկական միջոցների և (կամ) տեղեկատվության այլ կրիչների միջոցով անհրաժեշտ տեղեկատվություն չտեղակայելը կամ առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիներին տեխնիկական միջոցների և (կամ) տեղեկատվության այլ կրիչների միջոցով համապատասխան սահմանափակումների և (կամ) դրանց փոփոխությունների մասին ժամանակին չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

2) ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիների համար նախատեսված կառամատույցները, հետիոտնային անցումները, թունելները, կամուրջները և այլ օբյեկտները տեխնիկապես սարքին և անվտանգ վիճակում չպահպանելը կամ առավել վտանգավոր գոտիներում վերակառուցման, շինարարական և նորոգման աշխատանքների կատարման տեղերում տեղերի նշումը և ցանկապատում չկատարելը.

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(116.2 — րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 116.3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող պահանջները խախտելը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը կամ երկաթուղային տրանսպորտի օբյեկտները երկաթուղու տեխնիկական շահագործման և երկաթուղային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնների խախտմամբ պահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հատումը կառուցվող, նոր կամ վերակառուցված ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի գործարկումը մշտական շահագործման համար կամ գնացքների ժամանման և մեկնման, բեռների բեռնման, բեռնաթափման, տեսակավորման կամ պահպանման (այդ թվում` բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների իրականացման նպատակով երկաթուղային կայարանների գործարկումն առանց լիազոր մարմնի համաձայնության իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, ինչպես նաև ցածր ծանրաբեռնվածության գծերի և ուղեմասերի փակումն ու ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի անցումը ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի կամ գնացքների ժամանման և մեկնման, ուղեբեռների, բեռների և բեռնածանրոցների ընդունման, հանձնման, բեռնման, բեռնաթափման, տեսակավորման կամ պահպանման (այդ թվում` բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների դադարեցման նպատակով երկաթուղային կայարանների փակումն առանց համապատասխան թույլտվության իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի նախագծումը կամ կառուցումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի կամ բեռնարկղերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան տեխնիկական վիճակը չապահովելը կամ բեռնատար վագոնների կամ բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

6. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(116.3 — րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 116.4. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող հիմնական պահանջները խախտելը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից այդ գծերի պահպանումը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, բեռների բեռնման և բեռնաթափման, վագոնների, բեռնարկղերի մաքրման և լվացման համար նախատեսված սարքավորումների կառուցումը և վերակառուցումը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծանցի տեղի որոշումը կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին նոր կառուցվող կամ վերակառուցված ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հետ հատումն առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջները չպահպանելը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը, երկաթուղային շարժակազմը կամ բեռնարկղերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեխնիկական վիճակին համապատասխան չպահպանելը կամ բեռնատար վագոնների և բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքները սահմանված կարգով չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր և հակառակը երկաթուղային շարժակազմի գծանցման կարգի խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(116.4 — րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 116.5. Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կանոնները խախտելը

 

1. Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(116.5 — րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 116.6. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից երկաթուղային շարժակազմի այլ օպերատորների մուտքը խոչընդոտելը

 

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից երկաթուղային շարժակազմի այլ օպերատորների մուտքը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(116.6 — րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 116.7. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի գործունեություն կազմակերպողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտականությունների խախտումը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ փոխադրողների կամ բեռնառաքողների կամ փոխադրման գործընթացի այլ մասնակիցների կողմից երկաթուղային տրանսպորտի շահագործման կամ երթևեկության անվտանգությունը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Փոխադրողի կողմից ուղևորների համար տեսանելի վայրում իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկի և դրանց սակագների մասին անհրաժեշտ տեղեկատվություն չտեղադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(116.7 — րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 116.8. Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնները խախտելը կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքից օգտվելու պայմանները խախտելը

 

1. Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքից օգտվելու պայմանները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(116.8 — րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 116.9. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը

 

Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(116.9 — րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 116.10. Երկաթուղային տրանսպորտի շահագործման կամ երթևեկության անվտանգության հիմնական պահանջները խախտելը

 

1. Վտանգավոր բեռների արտադրություն, բեռնում, փոխադրում, բեռնաթափում իրականացնող օբյեկտների և դրանց վրա տեղակայված շենքերի, շինությունների և կառույցների կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին կապի գծերի, էլեկտրահաղորդումների, նավթամուղների, գազամուղների կամ այլ վերգետնյա կամ ստորգետնյա կառույցների հատման վայրերի տեղակայումն ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն հեռավորությունից պակաս հեռավորության վրա`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

2. Կապի գծերի, էլեկտրահաղորդիչների, նավթամուղների, գազամուղների կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող կամ այդ գծերի անմիջական հարևանությամբ գտնվող կառույցների սեփականատերերի կողմից նշված կառույցների շինարարության և շահագործման համար սահմանված նորմերը չպահպանելը կամ նշված օբյեկտների գործունեության անվտանգությունը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կամ փոխադրողների կողմից իրենց տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունների սահմաններում ունեցած վերականգնողական և հակահրդեհային միջոցների օգտագործմամբ տրանսպորտային պատահարների հետևանքների վերացմանը չմասնակցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

4. Երկաթուղային գծերը ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման կարգը կամ երկաթուղային գծերի հատման կանոնները կամ երկաթուղային գծանցների շահագործման պայմանները կամ դրանց գործարկման կամ փակման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Երկաթուղային տրանսպորտում երթևեկության անվտանգության, տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման կամ փոխադրման գործընթացի հետ կապված այլ կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(116.10 — րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.