ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 124. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

2. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

3. Երթևեկության առավելություն ունեցող մասնակցին ճանապարհը չզիջելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

4. Կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

5. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

6. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

7. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

8. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

9. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

10. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

11. Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

12. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

13. Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

14. Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

15. Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը դռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

16. Քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցների քարշակման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

17. Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

18. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

19. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

20. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ուսումնական վարման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

21. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

22. Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

23. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

24. Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

25. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը կամ կայանելը կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելը (բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի)`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

26. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

27. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

28. Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կամ բեռնատար ավտոմոբիլների վարորդների կողմից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք և ավելի երթևեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթևեկելը, բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:

29. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վթարային ազդանշանի կամ «վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

30. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

31. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

32. Սույն հոդվածի երեսունմեկերորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ այդ իրավունքից զրկված անձանց նկատմամբ` տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

33. Սույն օրենսգրքում ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոց ասելով պետք է հասկանալ այն տրանսպորտային միջոցները, որոնք սահմանված կարգով տվյալ պահին իրականացնում են ուղևորների կանոնավոր փոխադրում:

34. Եթե սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ, 21-րդ, 25-րդ (միայն կանգառ կատարելու մասով) կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումը, սույն հոդվածին համապատասխան, ունի նվազ նշանակություն, ապա անձը համարվում է նախազգուշացված, և լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում:

35. «Հոծ գիծ» (այդ թվում՝ «Կանգ-գիծ») գծանշման պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի առջևի կամ կողային երկու անիվներն ամբողջությամբ չեն հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

36. Ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

37. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի անիվներից ոչ մեկն ամբողջությամբ չի հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

38. Սույն հոդվածի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

39. Սույն հոդվածի 21-րդ և 25-րդ մասերով (միայն կանգառ կատարելու մասով) նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել:

(124-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 16.12.05 ՀՕ-26-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-94-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-78-Ն, փոփ., լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն)

 

Հոդված 124.1. Տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծող խմբակային տեղաշարժին

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը այնպիսի խմբակային տեղաշարժի, որը խոչընդոտում է ճանապարհային երթևեկությանը կամ ստեղծում է երթևեկության անվտանգության սպառնալիք`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

(124.1 — րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 124.2.

Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

(124.2 — րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 124.3.

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը

 

1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցնելով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(124.3 — րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 124.4.

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը

 

1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:

2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով:

3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Երթևեկության սահմանված արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:

(124.4 — րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 19.06.13 ՀՕ-94-Ն, 21.06.14 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 1245.

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում օրինականության կոպիտ խախտումները

(հոդվածն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 1246.

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն կամ ճանապարհատրանսպորտային պատահար, պատահարի մասնակից վարորդի կողմից պարտականությունները չկատարելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

3. Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պարտականությունները չկատարելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումներով վարչական վարույթ իրականացվում է պատահարի մասնակցի` պատահարի վայրում ներկայացրած գրավոր պահանջով կամ նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշման հիման վրա: Վարչական վարույթ իրականացվում է նաև պատահարի մասնակից տրանսպորտային միջոցի վերաբերյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագրով ապահովագրող կողմ հանդիսացող ապահովագրական ընկերության ներկայացուցչի` պատահարի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացրած գրավոր պահանջով, եթե նախքան ապահովագրական ընկերության ներկայացուցչի ժամանելը պատահարի վայր ոստիկանությունը պատահարի մասնակից տրանսպորտային միջոցները հանել է պատահարի վայրից:

5. Պատահարի մասնակիցների կողմից սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված պահանջի բացակայությունը փաստվում է գրավոր համաձայնությամբ:

6. Սույն հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով նախատեսված գրավոր պահանջի և գրավոր համաձայնության ձևաթղթերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

(1246 — րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 1247. Համայնքներում վճարովի ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը

 

Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

(1247 հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-222-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.