ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 125. Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երկաթուղային գծերը երկաթուղային գծանցներով չհատելը, երկաթուղային գծանցներով անցնելիս ճանապարհը գնացքին (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) չզիջելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Երկաթուղային գծանցին մոտենալիս գծանցի հերթապահի ցուցումներով, լուսացույցի, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով չղեկավարվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

3. Փակ կամ փակվող ուղեփակոցի դեպքում (անկախ լուսացույցի ազդանշանից), լուսացույցի արգելող ազդանշանի (անկախ ուղեփակոցի առկայությունից և դիրքից), տեսանելիության սահմաններում գծանցին գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) մոտենալու, գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքերում վարորդի կողմից գծանց մուտք գործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

4. Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդի կողմից ուղևորներին անհապաղ չիջեցնելը, գծանցն ազատելու համար միջոցներ չձեռնարկելը, տրանսպորտային միջոցի մոտ չմնալը, ընդհանուր տագնապի ազդանշան չտալը, ինչպես նաև գնացք երևալու դեպքում կանգառի (տագնապի) ազդանշան տալով ընդառաջ չվազելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

5. Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով` գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները շրջանցելը, ուղեփակոցը ինքնակամ բացելը, առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության դանդաղընթաց մեքենաներով 8 կմ/ժ-ից ցածր արագությամբ գծանցով երթևեկելը և տրակտորային քարշատափաններ քարշակելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

6. Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հաջորդող տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես կանգառի (տագնապի) ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):

7. Գծանցի հերթապահի արգելող ազդանշան են համարվում հերթապահի կրծքով կամ մեջքով դեպի վարորդն ուղղված դիրքը, ցուցաձողը, կարմիր լապտերը կամ գլխից վեր բարձրացրած դրոշակը կամ կողմ պարզած ձեռքերը:

(125-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 125.1. Լողամիջոցների շահագործման կանոնները խախտելը

 

1. Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելը կամ սթափության վիճակը որոշելու համար ստուգումից խուսափելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

2. Սահմանված կարգով չգրանցված կամ տեխնիկական անսարքություններ ունեցող լողամիջոցները շահագործելը կամ առանց կողային համարների լողամիջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

3. Առանց նավավարման իրավունքի վկայականի լողամիջոց վարելը կամ լողամիջոցի վարումը նավավարման իրավունքի վկայական չունեցող անձին հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

4. Առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի լողամիջոցը շահագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

5. Առանց փրկարարական միջոցների լողամիջոց վարելը կամ փրկարարական միջոցների քանակից ավելի թվով ուղևորներ տեղափոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

6. Լողամիջոցներում հրդեհային անվտանգության սահմանված կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(125.1 — րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.