ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 158. Առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի և առևտրի իրականացման վայրի կազմակերպչի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը

 

Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ապրանքներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը, օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան, ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Առևտրի օբյեկտից դուրս սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշներ ցուցադրելը, ինչպես նաև սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքներ վաճառող օբյեկտների ցուցափեղկերն ու մուտքերը վարագուրապատված կամ մգավորված ապակիներով չլինելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Հանրային սննդի օբյեկտներում օրենքով սահմանված դեպքերում առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Կենցաղային ծառայության օբյեկտներում օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի կամ առանց առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Վաճառողի կողմից սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների աշխատողներին աշխատանքային արտահագուստի կրումը չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից առանց պայմանագրի կնքման կամ օրենքով սահմանված պարտադիր պահանջների խախտումներով կնքված պայմանագրով վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով վաճառողներին տրամադրելը, ինչպես նաև առևտրի իրականացման վայրում (բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների շուկաների, կենդանիների շուկաների և տոնավաճառների (վերնիսաժների)) ֆիզիկական անձանց վաճառատեղերի տրամադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով՝ յուրաքանչյուր տրամադրված տեղի համար:

Առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը)՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Առևտրի օբյեկտում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն ըստ ապրանքախմբերի առանձին բաժիններում, իսկ առևտրի իրականացման վայրերում սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Մանկական սննդի և հարակից ապրանքների պահպանման համապատասխան պայմաններ չունեցող առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, շրջիկ առևտրի կետի և (կամ) առևտրի կենտրոնի կողմից դրանց վաճառքը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Դեղատներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելը և (կամ) հետ վերցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների) օրենսդրությանը համապատասխան` առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առևտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրում տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չապահովելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում այլ անձանց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման օգտագործելը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Առևտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:

Առևտրի իրականացման վայրը տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(մասն ուժը կորցրել է 13.11.15 ՀՕ-132-Ն)

Առևտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի կողմից լիցենզավորող մարմնին ներկայացված հաշվետվություններում սխալ տեղեկություններ ներառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` յուրաքանչյուր վաճառողին վերաբերող սխալ տեղեկության համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սահմանված ժամկետներում սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին լիազոր մարմնին տեղեկատվություն չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրում վաճառողի (մատակարարի) կողմից մատակարարման պայմանագրով ապրանքների առքուվաճառք (մեծածախ առևտուր) կատարելու դեպքում այդ մասին ցուցանակի վրա համապատասխան տեղեկատվություն զետեղված չլինելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։

Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողի կողմից վաճառքի թույլատրված ապրանքների համար, օրենսդրությանը համապատասխան, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով։

Կշռափաթեթավորված և վաճառքի դրված սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա օրենքով սահմանված նշումների բացակայությունը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։

Կենցաղային ծառայության օբյեկտներում մատուցվող ծառայությունների գնացուցակը չփակցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։

(158-րդ հոդվածը փոփ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 28.04.98 ՀՕ-212, 11.12.02 ՀՕ-496-Ն,խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն, խմբ., փոփ., լրաց. 27.02.07 ՀՕ-134-Ն, խմբ., լրաց. 06.12.07 ՀՕ-296-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-120-Ն, 21.08.08 ՀՕ-142-Ն, փոփ. 20.05.09 ՀՕ-131-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն, խմբ. 14.09.11 ՀՕ-253-Ն, լրաց. 07.02.12 ՀՕ-17-Ն, խմբ., փոփ. 11.09.12 ՀՕ-179-Ն, լրաց., փոփ. 19.12.12 ՀՕ-247-Ն, լրաց. 20.11.14 ՀՕ-182-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-132-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.