ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 182. Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը

(վերնագիրը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(182-րդ հոդվածը խմբ. 29.07.88, 02.09.93 ՀՕ-79, 16.12.05 ՀՕ-32-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, 09.02.12 ՀՕ-7-Ն, փոփ., լրաց. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 1821. Ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը

 

Իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով:

(1821 — րդ հոդվածը լրաց. 23.06.97 ՀՕ-133, փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 24.10.07 ՀՕ-241-Ն, խմբ. 18.03.08 ՀՕ-8-Ն)

 

Հոդված 1822 . Սննդամթերքի անվտանգության բնագավառում դիտարկումներ իրականացնող անձանց պահանջները չկատարելը և դիտարկումների ընթացքին խոչընդոտելը

 

Սննդամթերքի անվտանգության բնագավառում դիտարկումներ իրականացնող անձանց՝ իրենց իրավասության սահմաններում առաջադրած պահանջները չկատարելը կամ կիրառած սահմանափակումները չապահովելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող դիտարկումների ընթացքին խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով:

(1822 — րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 1823 Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելը

 

1. Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:

2. Արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

3. Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

4. Արտակարգ դրության ժամանակ գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

5. Արտակարգ դրության ժամանակ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

6. Արտակարգ դրության ժամանակ վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողությանը խոչընդոտելը կամ այդ կազմակերպությունների կողմից այն գործունեությունն իրականացնելը, որը կասեցվել է`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

7. Արտակարգ դրության ժամանակ պարետային ժամի սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

8. Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

9. Արտակարգ դրության ժամանակ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելքը, ինչպես նաև թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:

(1823 — րդ հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-107-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.