ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 283. Գործի վերաբերյալ որոշման հայտարարումը և որոշման պատճենի հանձնումը

 

Որոշումը հայտարարվում է անհապաղ՝ գործի քննությունն ավարտելուն պես:

Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաև տուժողին` նրա խնդրանքով: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով:

Որոշումը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրել է անձամբ հասցեատերը, կամ հասցեատերը որոշումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումն ստանալուց հրաժարվելու մասին։ Որոշումը համարվում է անձամբ հանձնված նաև այն դեպքում, երբ հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, և դրանք հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցված լինելու փաստը կամ հասցեատերը դիմել է տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով կամ գանգատարկել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, որոնց դեպքում որոշումը հանձնելու օր է համարվում տարաժամկետելու խնդրանքով դիմելու կամ գանգատարկելու օրը: Որոշումը էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում ծանուցումն իրականացվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Եթե անձի (որին ուղարկվել է որոշումը) հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը և ստորագրել հրաժարվելու մասին, ապա որոշումն ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով (եթե անձի հայտնած հասցեն տարբերվում է նրա հաշվառման հասցեից) և տեղադրվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումն ուղարկվում է անձի հաշվառման հասցեով և տեղադրվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ օրը:

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի որոշման պատճենը հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ որոշումը կայացվել է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:

Սույն օրենսգրքի 173 հոդվածով և 191 հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների գործերով, այն անձի նկատմամբ որոշման պատճենը, որին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից հրազենը, ինչպես նաև զինամթերքը վստահվել է պաշտոնեական պարտականությունները կատարելու կապակցությամբ, կամ այդպիսիք տրվել են ժամանակավոր օգտագործման նպատակով, ուղարկվում է համապատասխան ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը` ի գիտություն, և ոստիկանությանը` այդ անձին հրազենից օգտվելն արգելելու մասին հարցը քննելու համար:

(283-րդ հոդվածը խմբ. 18.08.93 ՀՕ-73, լրաց., փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 29.09.14 ՀՕ-146-Ն, փոփ., լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.