Ինչ է թրաֆիքինգը

Թրաֆիքինգը մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։ Արձանագրությունը տալիս է հետևյալ սահմանումները.

  1. Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց՝ մարմնավաճառության մեջ ներքաշումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը,
  2. մարդկանց առևտրի զոհի համաձայնությունը այնպիսի շահագործմանը, որի մասին խոսվում է հոդվածի (1) կետում, հաշվի չի առնվում, եթե օգտագործվել է (1) կետում նշված ներգործություններից որևէ մեկը,
  3. շահագործման նպատակով երեխա հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը համարվում է մարդկանց առևտուր, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք կապված չեն (1) ենթակետում նշված ներգործության միջոցներից որևէ մեկի կիրառման հետ,
  4. «երեխա» նշանակում է ցանկացած անձ, որի 18 տարին չի լրացել։

Թրաֆիքինգի մասին արձանագրությունն օրինականացվել է և ուժի մեջ է 2003 թ. դեկտեմբերի 25-ից։ Թրաֆիքինգը Հայաստանում «փակ թեմա» է համարվում, մինչդեռ հայ աղջիկները նույնպես դառնում են դրա զոհը։

Թրաֆիքինգի պատճառները

  • ծայրահեղ աղքատություն (հատկապես կանանց շրջանում)
  • քաղաքական, սոցիալական, տնտեսական կայունության պակաս
  • արդյունավետ և իրատեսական հեռանկարների բացակայություն
  • ռազմական կոնֆլիկտների առկայություն
  • ընտանեկան բռնություններ,
  • գենդերային անհավասարություն,
  • տեղեկատվության և կրթության անհասանելիություն,

Հաճախ զարգացող երկրների տնտեսական վիճակը վատանում է հեղաշրջումների, քաղաքացիական պատերազմների, արտաքին թշնամիների հետ պատերազմի արդյունքում, որոնք տևում են տասնամյակներ։ Հեռանկարի բացակայությունը, դժվարին պայմաններն ու աղքատությունը բարձրացնում են մարդավաճառության հավանականությունը։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ մարդկանց թրաֆիքինգին առնչվող հանցակամզի տարրերը

ՀՀ քրեական օրենսգիրքը հանցավոր է համարում ինչպես շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը (հոդված 132), այնպես էլ մարդուն սեռական շահագործման ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների մեջ ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը։ Նշված երկու հանցակազմերն էլ ուղղակիորեն առնչվում են մարդկանց թրաֆիքինգի երևույթին։ Դրանք ծանր հանցագործություններ են, որոնք ուղղված են մարդու ազատության դեմ։

Մարդկանց թրաֆիքինգի իրականացման եղանակներն են՝ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը կամ հարադրանքի այլ ձևերը, առևանգելը, խարդախությունը, վիճակի խոցելիությունն օգտագործելը, ինչպես նաև տուժողին վերահսկող անձի համաձայնությունը ստանալու համար վճարումներ կամ բարիքներ տալը կամ ստանալը։

Տուժողի վիճակի խոցելիության չարաշահումը ենթադրում է այնպիսի իրավիճակի չարաշահում, երբ անձը չունի որևէ իրական և ընդունելի այլընտրանք, քան շահագործման երնթարկվելը։ Խոցելիությունը կարող է լինել ցանկացած բնույթի՝ ֆիզիկական, հոգեբանական, զգացմունքային, ընտանեկան, սոցիալական կամ տնտեսական։

2005 թվականի մայիսի 15-ին Վարշավայում ստորագրվեց Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը ՀՀն ստորագրել է 2005 թվականի մայիսի 16-ին և վավերացրել է 2008 թվականի ապրիլի 14-ին։

Կոնվենցիան նպատակ ունի կանխարգելել մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը)՝ անկախ վերջինիս դրսևորման ձևից և բնույթից, պաշտպանել թրաֆիքինգի զոհերի իրավունքները։

Հայաստանի Հանրապետությունը սույն կոնվենցիայով ստանձնում է մի շարք պարտավորոթյուններ, մասնավորապես.

ա/ համակարգել և/կամ ամրապնդել ներպետական մարմինների փոխհամագործակցությունը մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) կանխարգելելու և դրա դեմ պայքարելու գործում արդյունավետ միջոցների կիրառմամբ մշակել այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնցում առաջնային դիրքերում կլինեն մարդու իրավունքների, ներառյալ երեխաների շահերի պաշտպանությունը, գենդերային հավասարությունը,

բ/ ձեռնարկել կամ ամրապնդել օրենսդրական, վարչական, կրթական, սոցիալական, մշակութային և այլ միջոցներ, որոնք կնպաստեն մարդկանց, հատկապես կանանց և երեխաների շահագործման բոլոր ձևերի պահանջարկի վերացմանը,

գ/ բոլոր, այդ թվում օրենսդրական միջոցներով ուժեղացնել սահմանների վերահսկողությունը, չխախտելով անձանց ազատ տեղաշարժման առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները,

դ/ թրաֆիքինգը կանխարգելող և դրա դեմ պայքարող իրավասու մարմինները համալրել համապատասխան որոկավարում ունեցող մասնագետներով, գործադրելով բոլոր հնարավոր միջոցները թրաֆիքինգի զոհերին հայտնաբերելու համար, անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև կոնվենցիայի մասնակից այլ պետությունների և համապատասխան օժանդակող կազմակերպությունների հետ, իսկ զոհին հայտնաբերելու դեպքում՝ վերջինիս տրամադրել կացության թույլտվություն,

ե/ պաշտպանել զոհերի անձնական կյանքն ու ինքնությունը, վերջիններիս վերաբերող անձնական տվյալները պահպանել և օգտագործել “Անձնական բնույթի տվյալների ավտոմատացված մշակումից անձանց պաշտպանության մասին” կոնվենցիայի դրույթներին համապատասխան։

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև տուժած երեխաներին չվերադարձնել որևէ պետություն, եթե հիմք կա ենթադրելու, որ դա չի բխում երեխայի լավագույն շահերից։

Ինչպե՞ս խուսափել թրաֆիքինգի զոհ դառնալուց. գործնական խորհուրդներ

Եթե դուք պատրաստվում եք մեկնել արտասահման.

  • Նախքան մեկնելը, համոզեք, որ Ձեր անձնագիրը առնվազն վեց ամիս վավերական է արտերկրում։
  • Ստուգեք նշանակության երկրի մուտքի և վիզային ռեժիմի պայմանները, ինչպես նաև մաքսային ռեժիմի պայմանները։ Պահպանեք մուտքի թուլտվությունում նշված ժամկետները, քանի որ օտար երկրում վիզայի ժամկետից երկար մնալը Ձեզ կդնի անօրինական կարգավիճակի մեջ։ Ձեր մուտքի թույլտվությունում պետք է նշվի տվյալ երկիր Ձեր մեկնելու նպատակը` ուսում, աշխատանք, բուժում կամ էլ պարզապես այցելություն։
  • Ուսումնասիրեք այցելության երկրի միգրացիոն և աշխատանքային օրենսդրությունը, այդ երկրի սովորույթները։ Առանց նշանակության երկրում աշխատելու իրավունքի Դուք չեք կարող այնտեղ օրինական կերպով աշխատել։ Աշխատանքի իրավունքը պետք է ստանալ նախքան մեկնելը։
  • Ոչ ոքի մի վստահեք Ձեր անձնագիրը։ Ձեր անձը հաստատող փաստաթղթերը միշտ պետք է գտնվեն միայն Ձեզ մոտ և ոչ ոք իրավունք չունի դրանք Ձեզանից վերցնելու։
  • Ձեզ հետ վերցրեք անձնագրի, վիզայի, հրավերի, պայմանագրի պատճենները, անձնագրի լուսանկարներ և պահեք դրանք անձնագրից առանձին, որպեսզի անձնագիրը կորցնելու դեպքում հեշտ լինի այն վերականգնելը։
  • Պատճենահանեք բոլոր փաստաթղթերը` անձնագիրը, պայմանագիրը, հրավերը, վիզան։
  • Լուսանկարները և պատճենները պահեք Ձեզ մոտ։ Պատճեններ  թողեք նաև Ձեր հարազատների և մտերիմների մոտ։
  • Անձնագրի և  պայմանագրի պատճենները, Ձեր վերջին լուսանկարը թողեք նաև տանը` Ձեր հարազատների մոտ։ Նրանց մոտ թողեք նաև մանրամասն տեղեկություններ արտասահմանում Ձեր կանգ առած վայրի մասին` հասցեով և հեռախոսահամարներով, մանրամասն տեղեկություներ հրավիրող կողմի կամ գործատուի մասին, նաև ձեր արտասահմանյան ընկերների հասցեները։
  • Հարազատների հետ պայմանավորվեք, թե ձեր մասին կոնկրետ երբ և ինչպես եք տեղեկություններ հայտնելու։ Մշտապես կապ պահպանեք հարազատների հետ։
  • Չմոռանաք Ձեզ հետ վերցնել արտասահմանում հայկական դեսպանատների և հյուպատոսական ներկայացուցիչների հասցեներն ու հեռախոսահամարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների /օրինակ` Միգրացիայի միջազգային կազմակերպության, Կարմիր Խաչի/ հասցեները։ Տեղեկություններ հավաքեք այցելության երկրի հայկական համայնքի մասին։
  • Արտասահմանում ոչ մեկից  կասկածելի նվերներ մի վերցրեք։ Կարիք չկա որևէ մեկի նկատմամբ պարտավորվածություն ունենալ։
  • Մի մոռացեք, որ օտար լեզվի թեկուզ տարրական բառերի իմացությունը զգալիորեն կթեթևացնի արտասահմանում Ձ եր գտնվելը և ծանր պահին կփրկի Ձեզ։
  • Եթե դուք պատրաստվում եք պայմանագիր կնքել արտասահմանում աշխատելու կամ սովորելու նպատակով.
  • Խուսափեք պատահական և նույնիսկ ծանոթ մարդկանց` արտասահմանում աշխատելու, սովորելու, ամուսնության գայթակղիչ առաջարկներից։
  • Հիշեք, որ աշխատանքի տեղավորման, ուսուցման կազմակերպման, ամուսնության վերաբերյալ քաղաքի /գյուղի/ ամենատարբեր վայրերում փակցված, թերթերում, համացանցում տեղադրված հայտարարությունները միշտ ճշգրտման և հստակեցման կարիք ունեն։
  • Մանրամասն հետաքրքրվեք հրավիրող արտասահմանյան ֆիրմայի, կազմակերպության և միջնորդ գործակալությունների /տուրիստական, ամուսնական, աշխատանքային, ուսումնական/ օրինական գործունեության իրավական կարգավիճակի և համբավի մասին։
  • Եթե Դուք պատրաստվում եք աշխատել կամ սովորել արտերկրում, պայմանագիրը կնքեք Հայաստանում, նախքան մեկնելը, այլ ոչ թե արտասահմանյան երկիր գնալուց հետո։
  • Հոգացեք այն մասին, որպեսզի պայմանագիրը կազմված լինի Ձեր մայրենի և կամ էլ Ձեզ հասկանալի լեզվով, որպեսզի դուք հասկանաք աշխատանքի բոլոր մանրամասներն ու պայմանները։
  • Անմիջապես  մի ստորագրեք պայմանագիրը։ Այն վերցրեք Ձեզ հետ, հանգիստ պայմաններում վերընթերցեք, ցույց տվեք մասնագետներին։ Եթե պայմանագրի պահանջները Ձեզ չեն բավարարում, մի ստորագրեք այն։
  • Ուշադրություն դարձրեք, որպեսզի ձեր ապագա աշխատանքի /ուսուցման/ պայմանները, տեղը, ժամանակը, աշխատավարձի չափը հստակ ձևակերպված լինեն։
  • Ուշադիր եղեք, որ պայմանագիրը ստորագրված լիննի ֆիրմայի տնօրենի, պրեզիդենտի կողմից։ Եթե այն ստորագրված է պաշտոնակատարի` փոխտնօրենի, փոխպրեզիդենտի կամ մեկ այլ անձի կողմից, պահանջեք, որպեսզի Ձեզ տրամադրեն պայմանագիր կնքելու իրավասությունները հաստատող  փաստաթղթեր` տնօրենի կամ պրեզիդենտի հրաման, լիազորագիր /նոտարի հաստատմամբ, կնիքի առկայությամբ/։
  • Պատճենահանեք ստորագրված պայմանագիրը /ցանկալի է պատճենահանել բոլոր փաստաթղթերը/ և թողեք հարազատների, մտերիմների մոտ։
  • Եթե դուք դժվար իրավիճակում եք հայտնվել կամ Ձեզ ինչ-որ մեկը սպառնում է, դիմեք Հայաստանի դիվանագիտական կամ հյուպատոսական ծառայություններին, տեղի հայ համայնքին, տեղի ոստիկանական ծառայություններին, համապատասխան հասարակական կամ միջազգային կազմակերպություններին։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.