ԻՆՏԵՐՊՈԼ-ի ստեղծման պատմությունից

1914 – Մոնակոյում կայացավ քրեական ոստիկանության 1-ին Կոնգրեսը, որին մասնակցել են 23 երկրներ։
1923 – Վիեննայում Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովի ստեղծում։
1946 – Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո կազմակերպության վերականգնում Փարիզում. Քարտային համակարգի ստեղծում և կարմիր անկյունով առաջին քարտերի հրապարակում։
1956 – Կազմակերպությունը վերանվանվեց` Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության — ԻՆՏԵՐՊՈԼ։
1971 – ԻՆՏԵՐՊՈԼ-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչվեց որպես միջկառավարական կազմակերպություն։
1989 – Գլխավոր քարտուղարությունը Փարիզից տեղափոխվում է Լիոն։
1992 – Հայաստանի Հանրապետության անդամակցություն ԻՆՏԵՐՊՈԼ-ին։
2004 – ՄԱԿ-ում ԻՆՏԵՐՊՈԼԻ-ի ներկայացուցչության ստեղծում։
2008 – Եվրոպական միությանը կից ԻՆՏԵՐՊՈԼ-ի ներկայացուցչության ստեղծում Բրյուսելում:
ԻՆՏԵՐՊՈԼԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Արդեն 19-րդ դարի վերջին, երբ զարգացում ապրեց միջազգային հանցավորությունը, անհնար էր դառնում ոստիկանության պայքարը տարբեր տեսակի իրավախախտումների դեմ, քանի որ ոստիկանները հնարավորություն չունեին գործելու իրենց երկրի սահմաններից դուրս: Թեև էքստրադիցիան (հանցագործի հանձնումը) տեսականորեն հնարավոր էր, սակայն այն կապված էր բազում դժվարությունների հետ և շատ ժամանակ էր խլում: Անհրաժեշտ էր ստեղծել մի կազմակերպություն, որը կկարողանար համաձայնեցնել տարբեր երկրների ոստիկանական համակարգերի գործունեությունը: Եվ այսպես անհրաժեշտությունը կար, իսկ առիթը չուշացավ:

Մոնակոյի իշխան Ալբերտ I-ի հետ կապված միջադեպը (նրա սիրային արկածը ոմն խորհրդավոր Սոֆիայի հետ, որի հետևանքով իշխանի չհրկիզվող պահարանից անհայտացան բազմաթիվ թանկարժեք իրեր. անհայտացավ նաև խորհրդավոր գեղեցկուհին) նրան դրդեցին դիմել տարբեր երկրների ոստիկանությունների օգնությանը, սակայն այդպես էլ հանցագործին գտնել չհաջողվեց:

Եվ ահա Ալբերտ I-ի նախաձեռնությամբ, 1914թ. ապրիլին, Մոնակոյում կայացավ «Քրեական ոստիկանության միջազգային I կոնգրեսը», որի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել էին 24 երկրների 188 իրավաբաններ, քրեագետներ և ոստիկանության ծառայողներ: Մասնակիցները քննարկեցին միջազգային քրեական տեղեկատվության հաշվառման բաժնի հիմնադրման և հանցագործների էքստրադիցիայի արարողակարգի միասնականացման հնարավորությունը: Սակայն երեք ամիս անց սկսված առաջին համաշխարհային պատերազմը ընդհատեց ոստիկանական միջազգային համախմբման գործընթացը:

Այդ պատերազմի ավարտից հետո միջազգային քրեածին իրավիճակը հսկայական չափերի հասավ: Առաջին հերթին դա կապված էր հետպատերազմյան Եվրոպայում տիրող խառնաշփոթի և անկայուն վիճակի հետ:

Այն ժամանակվա Վիեննայի ոստիկանապետ դ-ր Յոհան Շոբերը որոշեց վերածնել Ալբերտ I-ի ոստիկանական միջազգային կազմակերպություն ստեղծելու գաղափարը և, պատերազմի ավարտից 5 տարի անց, Ավստրիայի մայրաքաղաք հրավիրեց տարբեր երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչներ` մասնակցելու «Քրեական ոստիկանության միջազգային 2-րդ կոնգրեսին», որն ավելի շուտ, հետապնդում էր պատերազմում պարտված Ավստրիայի հեղինակության վերականգնման նպատակը:

1923թ. սեպտեմբերին կայացած Կոնգրեսը, որի  աշխատանքներին մասնակցում էին 17 երկրներից ժամանած 133 պատգամավորներ, փաստորեն հանդիսացավ Ինտերպոլի ծնունդը: Կոնգրեսի աշխատանքների 5-օրյա քննարկումներից հետո ձևավորվեց մի նոր մարմին` «Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովը»:

Հանձնաժողովի մշտապես գործոզ միջազգային բյուրոն գտնվում էր Վիեննայում, իսկ տարեկան գումարվող վեհաժողովները տեղի էին ունենում եվրոպական տարբեր մայրաքաղաքներում: Կազմակերպության առաջին նախագահ դարձավ Յոհան Շոբերը, իսկ նրա տեղակալ Օսկար Դրեսլերը նշանակվեց գլխավոր քարտուղար: Վերջինս էլ ձեռնամուխ եղավ միջազգային բյուրոյի բաժանմունքների ստեղծմանը, որոնք զբաղվում էին դրամանենգության, կեղծարարության, թմրանյութերի շրջանառության և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարով:

1925թ. սկսած, Բելգիայի օրինակով, անդամ-երկրները ստեղծեցին իրենց տեղական ազգային կենտրոնական բյուրոները (ԱԿԲ-ները): 1956թ. դա արդեն պարտադիր պայման էր` կազմակերպության անդամ լինելու համար:

1933թ. նշելով կազմակերպության 10 տարիների կատարած աշխատանքները, Դրեսլերը ներկայացրեց ապշեցուցիչ արդյունքներ: Կազմակերպության միջամտությամբ բացահայտվել էին 3240 տարբեր հանցագործություններ: Արդյունքները գերազանցել էին սպասելիքները: Ոստիկանական միջազգային համագործակցությունը հաջողությամբ շարունակում էր զարգանալ տարեցտարի ընդլայնվելով, բայց սկսվեց 2-րդ աշխարհամարտը:

Ըստ պաշտոնական տեսակետի, կազմակերպությունը 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945թթ.) դադարել էր գոյություն ունենալուց:

Սակայն իրականում այն գործել է նաև այդ ժամանակաշրջանում, միայն այլ պարագաներում: 1938թ. գերմանական զորքերի Ավստրիա ներխուժելուց հետո Կազմակերպության նստավայրը Վիեննայից տեղափոխվեց Բեռլինի շրջակայքում գտնվող մի գեղատեսիլ վայր, Վանսեն լճի ափ, և, փաստորեն, սկսեց սերտորեն համագործակցել Գեստապոյի հետ:

1943թ. Հանձնաժողովի նախագահ նշանակվեց Ավստրիայի ոստիկանապետ, «Գորիլայի ձեռքերով» երկու մետր հասակ ունեցող նացիստ` հանրահայտ Էռնստ Կալտենբրուները: Ինչպես հետագայում պարզվեց, նա հովանավորում էր գերմանական Օրիենբուրգ քաղաքում գործող մի ձեռնարկություն, որը զբաղվում էր կեղծ դրամների տպագրությամբ:

2-րդ համաշխարհային պատերազմից հետո արևմտյան որոշ երկրների ոստիկանական ծառայությունների ղեկավարներ հայտնեցին իրենց ցանկությունը Կազմակերպության գործունեության վերականգնման կապակցությամբ և 1946թ. Բրյուսելում անցկացվեց Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովի ետպատերազմյան առաջին կոնֆերանսը: Որոշում ընդունվեց նստավայրը տեղափոխել Փարիզ:

Նույն տարում Գլխավոր քարտուղարությանը հասցեագրված հեռագրում Ժան Նեպոտը (հետագայում` Կազմակերպության գլխավոր քարտուղար) առաջին անգամ օգտագործեց «Ինտերպոլ» հապավումը: Ֆրանսիացի այս երիտասարդի խորհրդով մտցվեց և առ այսօր գործում է միջազգային հետախուզման քարտերի համակարգը:

1956թ. Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովը անվանափոխվեց Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (I.P.C.O.-INTERPOL) և ընդունվեց Կազմակերպության ներկա կանոնադրությունը իսկ 1989թ. Գլխավոր քարտուղարության նստավայրը Փարիզից տեղափոխվից Լիոն (Ֆրանսիա):

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, նորաստեղծ պետության ներքին գործերի նախարարությունը գիտակցելով բոլոր դժվարությունները, որոնց կարող են հանդիպել իրավապահ մարմինները դեմոկրատացման և արմատական փոփոխությունների այս բարդ ժամանակաշրջանում, և կարևորելով ոստիկանական միջազգային համագործակցությունը, առաջարկությամբ դիմեց ՀՀ կառավարությանը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը — Ինտերպոլին ադնդամակցելու վերաբերյալ:

Եվ այդպես 1992թ. նոյեմբերին Դակարում կայացած Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում Հայաստանն ընդունվեց որպես անդամ-երկիր: Իսկ դեկտեմբեր ամսից սկսեց կազմավորվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն, որը վերջնականորեն ձևավորվեց 1993թ. հունիսին:

2010 թ. դրությամբ Ինտերպոլին անդամակցում են 188 երկրներ: Անդամ-երկրների այս քանակն ինքնըստինքնյա ընդգծում է կազմակերպության հեղինակությունը և կարևորությունը միջազգային մակարդակով հանցավորության դեմ պայքարում:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.