«Սեֆիլյանի գործով» մեղադրյալ-ազատամարտիկը 2 անձի անուն բացահայտեց

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալներից ազատամարտիկ Հրայր Թոփչյանը, որի անվան հետ է կապվում Սեֆիլյանի ենթադրյալ «զինված խմբի» երկու ինքնաձիգերը պահելու եւ փոխադրելու գործընթացը: «Գաղտիք չէ, որ այս դատական գործընթացն իր բնույթով ընդգծված քաղաքական է: Այստեղ կատարվող ամեն բան այդ տեսանկյունից է դիտարկվում: Սա նախապես ծրագրված ու կազմակերպված գործողությունների շղթա է»,-դիմելով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին՝ ասաց Հրայր Թոփչյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ գործում որպես իրեղեն ապացույց առկա ինքնաձիգերի փորձաքննությունը կատարվել է կոպիտ խախտումներով. «Եթե սա կազմակերպված չլիներ, ինձ ձերբակալելուց հետո խախտումներով փորձաքննություն չէր իրականացվի: Կեղծ ապացույցների հետ գործ ունենք»: Ապա Թոփչյանը դատարանին հայտնեց՝ 2016թ. հունիսին, երբ առաջին անգամ հարցաքննվել է, հայտնել է քննիչներին, որ բացի Սեֆիլյանի այս «խմբից», իր իսկ տրամադրության տակ են եղել նաեւ երկու անձինք. «Առաջին հայացքից գուցե արտառոց ոչ մի բան չկա ասածիս մեջ, բայց արտառոցը քննիչների պահվածքն է: Փոխանակ ի գիտություն ընդունեին ասածս ու զբաղվեին Արտաշին եւ Ռուբիկին հայտնաբերելով, ոչ մի բան չարեցին: Եթե նրանք իմ մարդիկ են, ինչո՞ւ չեն հայտնաբերվել: Եթե չեն հայտնաբերվել, ուրեմն նրանց անունները չպետք է օգտագործվեին իմ դեմ որպես ապացույց»:

Ապա ամբաստանյալը հարցադրում արեց՝ եթե ենթադրյալ «զինված խմբի» անդամները պետք է ինչ-որ վայրում հավաքվեին ու ինչ-որ գործողություն ծրագրեին, ինչպես մեղադրանքում է ասված, ինչո՞ւ են իրավապահները հանցավոր անտարբերություն դրսեւորել ու չեն ձերբակալել իրեն. «Դա մի բացատրություն ունի: Նրանք պարզ իմացել են, որ նման ոչ մի գործողություն չի էլ նախապատրաստվել: Ես չեմ վերցրել ինքնաձիգերը: Այն փաստը, թե ես ինչ-որ գործողություն եմ պլանավորել, կեղծ է»: Հրայր Թոփչյանի խոսքով՝ ինքը մյուս ամբաստանյալներին չի էլ ճանաչում, ուստի ծիծաղելի է պնդելը, թե նրանք ինչ-որ բան են ծրագրել. «Ես չեմ եղել «խմբի» համակարգող, չեմ հասկանում, թե ինչու են ինձ այդ կերպարում ներկայացնում: Սա արհեստականորեն սարքած գործ է»:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: Սաֆարյանը եւ Սեֆիլյանը մեղադրվում են նաեւ զանգվածային անկարգություններ ծրագրելու մեջ: 

Սկզբանղբյուր՝ aravot.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.