Պիտակ՝ ԱԺ 2017

Ի լրումն ՀՀ գլխավոր դատախազության համացանցային կայքում հրապարակված 07.04.2017թ. հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը մինչ օրս առանձնացրել է զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված, թեժ գծով ստացված՝ զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 498 հաղորդումներ և դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիներ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:

Բացի հիշատակված հաղորդումներից, ստուգման առարկա է դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 309 ահազանգերը:
Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում 16 դեպքերով արդեն հարուցվել են քրեական գործեր՝
11-ը ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ),
3-ը ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի (քվեարկության գաղտնիությունը խախտելը),
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի (լրագրողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով:
ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերով 8 անձի մեղադրանք է առաջադրվել, չորս քրեական գործ 10.04.2017թ. դրությամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ, մեկ քրեական գործի վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայություն):

Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 807 հաղորդումներից 10.04.2017թ. դրությամբ 26-ը միացվել են նույն փաստի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 712-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

Մնացած դեպքերով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

ՏԸՀ անդամը հարցաքննվել է որպես կասկածյալ. որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամի նկատմամբ՝ որպես կասկածյալի, որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախնական քննության տվյալներով՝ թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մ.Մկրտչյանը՝ որպես ընտրող, նշված ընտրատեղամասում ապրիլի 2-ին սահմանված կարգով մասնակցել է ԱԺ ընտրություններին։ Սակայն որոշ ժամանակ անց՝ ժամը 18:45-ին, փորձել է կրկին մասնակցել քվեարկությանը, ինչը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:

Մ.Մկրտչյանը հարցաքննվել է որպես կասկածյալ͵ և ապրիլի 3-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2017թ.-ի ապրիլի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող երկու հաղորդում և զանգվածային լրատվամիջոցների երեք հրապարակում` դրանցում նշված հանգամանքները պարզելու նպատակով: Հաղորդումները վերաբերում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի անդամների աշխատանքներն առերևույթ խոչընդոտելու դեպքերին, իսկ հրապարակումները, որոնք արտատպվել են «hcav.am» կայքէջից, ինչպես նաև «armtimes.com» և «zham.am» էլեկտրոնային լրատվական կայքերից, վերաբերում են ընտրատեղամասերում դիտորդների կողմից արձանագրած խախտումներին, վստահված անձանց աշխատանքային գործունեությանը խոչընդոտելուն, քրեակատարողական հիմնարկներում արձանագրված ընտրախախտումների և քվեարկողներին ուղղորդելու դեպքերին:

Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, հիշյալ հաղորդումների և հրապարակումների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: Նյութերի նախապատրաստման արդյունքների, ինչպես նաև ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումների, դիմումների, դրանց վերաբերյալ նախապատրաստվող նյութերի ու քրեական գործերի մասին Հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի:

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացված հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում հարուցվել է 6 քրեական գործ` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ, որոնցից 3-ը` Երևանում, 3-ը` մարզերում:

Ստորև ներկայացնում ենք հարուցված քրեական գործերը` ըստ մարզերի.

1.ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 16/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

Քննչական վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 08:15-ին, գնացել է Արմավիր քաղաքում գտնվող թիվ 16/3 ընտրատեղամաս͵ սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները և կատարել իր քվեարկությունը։ Ժամեր անց ընտրողը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս և փորձել կրկին մասնակցել քվեարկությանը, սակայն նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով։ Ա. Կաղզվանցյանը ձերբակալվել է։

2. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 34/67 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

Քննչական վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 34/67 ընտրատեղամասի ընտրող Ա.Կարախանյանը, սահմանված կարգով, նշված ընտրատեղամասում մասնակցել է ԱԺ ընտրություններին: Սակայն որոշ ժամանակ անց` ժամը 19:53-ին, կրկին գնացել է ընտրատեղամաս` երկրորդ անգամ քվեարկելու համար, ինչը բացահայտվել է մատնահետք ստուգող սարքի միջոցով:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

3. ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ, թիվ 36/25 ընտրական հանձնաժողովի անդամ Մ.Մկրտչյանը՝ որպես ընտրող, սահմանված կարգով, մասնակցել է քվեարկությանը: Այնուհետև, ժամը 18:45-ին փորձել է կրկին մասնակցել քվեարկությանը, ինչը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը իրականացվում է ՀՀ ՔԿ Վայոց ձորի քննչական վարչությունում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` նշված դեպքերի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք պարբերաբար:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ, նույն կուսակցության նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը 02.04.2017թ.-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում տեղակայված 17/21 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվում է ուղղորդված և բաց, քվեախցիկ են մտնում մեկից ավելի անձինք և վերահսկվում է ընտրողի կողմից կատարված քվեարկությունը:

Նույն օրը հիշյալ գրությունն ուղարկվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն’ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

07.04.2017թ.֊ին Արագածոտնի մարզի դատախազություն է ստացվել թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 6-Ա որոշումն’ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին, որի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հանձնաժողովը, ուսումնասիրելով հիշյալ ընտրական տեղամասում քվեարկության ընթացքի վերաբերյալ տեսանկարահանող սարքերի արխիվային նյութերը’ արձանագրել է, որ թիվ 17/21 ընտրատեղամասում առկա են բազմաթիվ ընտրողներ, բաց քվեարկություններ և ընտրողների կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողություն և հետևության է հանգել, որ տեղի է ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի պահանջների խախտում:

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով 06.04.17թ. կայացված որոշումը Արագածոտնի մարզի դատախազի տեղակալի կողմից 07.04.2017թ. վերացվել է և ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով /քվեարկության գաղտնիությունը խախտելը/ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու:

6 անձի մեղադրանք է առաջադրվել՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար
Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 9 քրեական գործ, որոնց շրջանակներում 6 անձի առաջադրվել է մեղադրանք, տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, 1-ի նկատմամբ՝ կալանավորում։

Քրեական գործերով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ապրիլի 4-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 224 հաղորդում, որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ստացված հաղորդումներից 72-ը՝ Երևանում, 16-ը՝ Գեղարքունիքի, 25-ը՝ Կոտայքի, 17-ը՝ Լոռու, 5-ը՝ Վայոց ձորի, 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 14-ը՝ Շիրակի, 37-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Սյունիքի, 8-ը՝ Արարատի մարզերում և 3-ը՝ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ իրականացված անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում 6 դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ նյութ ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ ուղարկելու համար:

Մնացած հաղորդումների կապակցությամբ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում նյութերի նախապատրաստումը շարունակվում է։

2017թ.  մարտի  5-ից  մինչև  քվեարկության  օրը  ՀՀ  գլխավոր  դատախազությունում  գործող  «Թեժ  գծով» ստացվել է 50 ահազանգ: Դրանցից  6-ը, որոնք ստացվել են քվեարկության օրը, իրենց մեջ պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ, սահմանված կարգով ուղարկվել են անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու համար: Մյուս ահազանգերով քաղաքացիները խնդրել են պարզաբանումներ իրենց ընտրելու իրավունքի իրացման կարգի վերաբերյալ: Քաղաքացիներին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ:

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացված հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում հարուցվել է 6 քրեական գործ` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ, որոնցից 3-ը` Երևանում, 3-ը` մարզերում:

Ստորև ներկայացնում ենք Երևանում հարուցված քրեական գործերը` ըստ վարչական շրջանների.

  1. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 4/35 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ թիվ 4/35  ընտրատեղամասի ընտրող Ա.Նիկոյանը ապրիլի 2-ին գնացել է նշված ընտրատեղամաս և սահմանված կարգով մասնակցել քվեարկությանը: Որոշ ժամանակ անց`  մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ, Ա.Նիկոյանը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս և  գրանցվելու համար անձնագիրը հանձնել նշված տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամին: Նույնականացնող սարքի ազդանշանն անմիջապես միացել է` վկայելով, որ ընտրողն արդեն մեկ անգամ մասնակցել է քվեարկությանը, ինչից հետո Ա.Նիկոյանը, թողնելով անձնագիրը, հեռացել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

  1. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 3/22 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  քաղաքացի Մ.Մարտիրոսյանը, թիվ 3/22 ընտրատեղամասում մասնակցած լինելով քվեարկությանը, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին գնացել է նույն ընտրատեղամաս, գրանցվելու համար անձնագիրը հանձնել նշված տեղամասի ընտրողների գրանցումն իրականացնող և սարքը սպասարկող հանձնաժողովի անդամին, ինչի ժամանակ էլ միացել է նույնականացնող սարքի ազդանշանը, որից հետո Մ.Մարտիրոսյանը հեռացել է ընտրատեղամասից:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

  1. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`  թիվ 2/19 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Հ.Ղազարյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017թ. ապրիլի 2-ին` ժամը 09:10-ի սահմաններում գնացել է 2/19 ընտրատեղամաս, սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները և մասնակցել քվեարկությանը: Որոշ ժամանակ անց նա նորից վերադարձել է ընտրատեղամաս, և նորից քվեարկությանը մասնակցելու համար  հանձնաժողովի անդամին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն համապատասխան սարքի միջոցով անմիջապես պարզվել է, որ ընտրողն արդեն մեկ անգամ քվեարկել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` նշված դեպքերի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • 1
  • 2
  • 7

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.