Ոստիկանների մասնակցությամբ խուլիգանության փաստերով հարուցված երկու քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված երկու քրեական գործ:

Այսպես, քրեական գործերից մեկով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 27.10.2017թ.-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որոնց շարքում եղել է նաև ՀՀ ոստիկանության ջոկի հրամանատար Գ. Ս.-ն: Վերջինս տևական ժամանակ հայհոյանքներ է տվել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել վիճաբանության մասնակիցներին: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խուլիգանություն կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Խուլիգանության հատկանիշներով հարուցված մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 05.06.2017թ.-ին` Երևան քաղաքի գիշերային ակումբներից մեկի դիմաց, ժամը 01:10-ի սահմաններում, ակումբի աշխատակիցների և մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն: Հիշյալ դեպքի առթիվ 15.06.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեում կատարված նախաքննության ընթացքում միջադեպի մասնակիցներից երկուսը ցուցմունքներ են տվել, որ ոստիկանության վերը նշված աշխատակիցներն իրենց տեղափոխել են ակումբի սենյակներից մեկը և քաղաքացիական հագուստով երեք անձանց հետ ծեծի ենթարկել:

Այսպիսով, հաշվի առնելով, որ խուլիգանության հատկանիշներով հարուցված հիշյալ քրեական գործի նյութերում ևս առկա են ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցագործության հատկանիշներ, ուստի այն նույնպես քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.